Վառարան

Գազ, փայտ, թե աթար՝ գյումրեցիները ջեռուցման շահավետ տարբերակ են մտածում

247
Հայաստանի հյուսիսում բնակիչները նախընտրում են անցնել բնակարանների ջեռուցման պապական եղանակին՝ աթարին. և՛ շահավետ է, և՛ ավելի արդյունավետ:

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի-Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայրաքաղաքում այսօր կոմունալ վճարումներ կատարելուց հետո շատ գյումրեցիներ, մեղմ ասած, «կաթված» ստացան: Ճիշտ է, դժվար չէր պատկերացնել, որ այս տարվա ցուրտ եղանակը, հատկապես ջեռուցման առումով, սպառողին ինչ անակնկալ է պատրաստել, բայց նման գումար մուծելը շատերի համար լուրջ մտածելու տեղիք է տալիս. մի կերպ ամանորյա տոներից հետ գցած գումարը շատերն ամբողջությամբ ծախսեցին սպառած գազի համար վճարելով, իսկ թե ինչով են «յոլա» գնալու մինչև հաջորդ ամսվա թոշակն ու նպաստը՝ անհասկանալի է:

Ավելի խելամիտ ու հաշվենկատ գյումրեցիները, հարցին լուրջ մոտենալով ու հաշվելով տուն մտնող ֆինանսական միջոցները, դեռ ամռանն էին որոշել ու փայտ գնել ՝ շատ ավելի ձեռնտու տարբերակ է:

«Մեկ խորանարդ մետր փայտն արժի 18-20 հազար դրամ, ինչը շատ ավելի շահավետ է: Բացի այն, որ ֆինանսապես է շահավետ, նաև փայտի տված ջեռուցումն է այլ՝ նորմալ տաքանում ենք, մինչդեռ 3 սենյականոց բնակարանը տաքացնելու համար, հատկապես այս ցրտերին, մինչև 60 հազար դրամ կպահանջվի, եթե ամբողջ օրը ջեռուցման համակարգը գործարկվի»,-նշում են գյումրեցիներից շատերը:

Հատկապես ձմեռային սեզոնին միայն թոշակի կամ նվազագույն աշխատավարձի հույսին մնացող գյումրեցին մի կերպ ծայրը ծայրին է հասցնում:

«Հազիվ ծայրը ծայրին հասցնելով՝ աշխատում ենք բանկերի ու պարտքերի տակ չընկնել»,-նշում է տիկին Փիրուզան՝ փաստելով, որ ձմռանը ողջ ընտանիքը ստիպված հավաքվում է մի սենյակում ու ջեռուցում միայն այդ սենյակը, այն էլ՝ փայտով:

Մինչև 25 աստիճան ցուրտ եղանակին բնակարանը տաքացնելու համար հյուսիսային շրջաններում հարկավոր է շուրջօրյա ջեռուցում, բայց նույնիսկ, եթե բնակարանը գազի վառարանով է տաքանում, բնակիչները կրկին իրենց դժգոհությունն են հայտնում. տները չեն տաքանում:

«Բնակարանը պարսկական գազի վառարանով ենք տաքացնում, անցած ամիս 40 հազար դրամ ենք մուծել, այս ամիս ավելի շատ կլինի՝ ցուրտ օրերն ավելի շատ էին ու ավելի շատ ենք ջեռուցել, բայց վառարանից մի քիչ այն կողմ մյուս սենյակները տաք չէին, ստիպված նաև էլեկտրականությունն ենք օգտագործել ՝ արդյունքում 40-50 հազար ընտանիքս ծախսել է կոմունալ վճարների համար, իսկ հինգհոգանոց ընտանիքի համար, որտեղ միայն մեկ աշխատող կա, դա շատ է»,-նշեց Անահիտը:

Շատերն այս սեզոնից հետո ընտանեկան բյուջեի վերահաշվարկ կկատարեն՝ ինչո՞վ տաքանալ հաջորդ տարի. գազով, փայտով թե պապական ամենաձեռնտու տարբերակով՝ աթարով: Եթե ընտանիքն արտերկրում ծանոթ-բարեկամ կամ հարազատ չունի, կամ էլ կողմնակի եկամուտ, այլ միայն թոշակի ու նպաստի հույսին է, փայտն ու աթարն ավելի նախընտրելի է:

«Երեկ վճարում եմ կարատել մոտ 60 հազար դրամ միայն գազ՝ ընդհանուր մինչև 80-90 հազար դրամ: Եթե դրսում մարդ չունենաս՝ դժվար է այդ գումարը տալ: Կարողացանք կմուծենք, չէ՝ թող գան անջատեն»,-նշում է վարպետ Մկրտիչը՝ ավելացնելով, որ աթարն ամենալավ տարբերակն է, ափսոս, շատերը բնակարաններում աթար ու տոլ վառելու հնարավորություն չունեն:

247