Աշխատուժ

Որ քիչ քնեն-շատ աշխատեն՝ գերիշխող դիրք կունենան, կարծում է վարչապետը

29
(Թարմացված է 14:11 13.01.2017)
Օրենքին հետադարձ ուժ տալը ռեվանշիզմ է, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին՝ ասել է Կարեն Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ. 13 հունվարի — Sputnik. Ապօրինի հարստացման մասին օրինագիծն ընդունվելուց հետո հետադարձ ուժ չի ունենա, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:

«Ապօրինի հարստացման վերաբերյալ օրենք է ներկայացվել, կարգեր են մշակվել: Կամայական չի կարող լինել։ Տրամաբանական է, որ երբ օրենք ես ընդունում, այն տվյալ օրվանից է գործում: Հետադարձ ուժ տալը ռեվանշիզմ է, դա ուղղակի վտանգավոր է և անկանխատեսելի»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է մենաշնորհներին, ապա պետք է մենաշնորհը տարբերել գերիշխողից:

Ըստ Կարապետյանի՝ մենաշնորհի դեմ պայքարն արդար, հավասար, թափանցիկ պայմաններ ստեղծելն է բոլորի համար, երբ որևէ մեկին չես ասում. «Սա քեզ կարելի է, սա քեզ չի կարելի»:

«Այս պարագայում, մեր շուկայի չափերից ելնելով, հնարավոր է առաջանա գերիշխող ուժ: Ընդ որում, ոչ թե ադմինիստրատիվ միջամտության կամ այլ տարբերակով, այլ զուտ նրա հաշվին, որ նա արդյունավետ է աշխատում, քիչ է քնում և այլն», — նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ գերիշխողը վտանգավոր չի, եթե երկրում կա հակամենաշնորհային կառույց, որը լիարժեք կկատարի իր գործառույթները:

Մենաշնորհը արտահայտվում է այն դեպքում, երբ սահմանին չեն թողնում որևէ ապրանք ներկրել, իսկ այդպիսիք, վարչապետի խոսքով, չկան:

«Մենք ունենք բնական մենաշնորհներ՝ գազ և այլն, որոնք կառավարելի են, այլ շուկաներում ունենք գերիշխող դիրք»,- հավելեց նա:

29