Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սաները

Գեղասահքը զանգվածային մարզաձև է դառնում Հայաստանում

97
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում ամանորյա ելույթներով (հունվարի 8,9 և 10) ամփոփել են տարին։ Ոգևորված հանդիսատեսը երկու ժամ հետևել է ծրագրին։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik, Հասմիկ Սահակյան. Իրինա Ռոդնինայի անվան սառցադաշտը Երևանում բացվել է մեկ տարի առաջ, բայց այսօր այստեղ արդեն աշխատում է 11 մարզիչ և մարզվում է 496 պատանի գեղասահորդ։

Ցուցադրական ելույթների գունեղ ծրագիրը ներառում է փոքրիկ Սանտա Կլաուսների, էլֆերի, Կարմիր Գլխարկների, Հրեշտակների, Սպիտակաձյունիկների պարերը, սառցե ներկայացում «Բրեմենյան երաժիշտների» մոտիվներով։ Եղել են կատարումներ նաև հայկական մոտիվներով։

Անցած տարվա ընթացքում Իրինա Ռոդնինան չորս վարպետության դաս է անցկացրել պատանի գեղասահորդների համար, և մեկ վարպետության դաս է վարել Ելենա Չայկովսկայան։ Տեղի մարզիչները բավական ծանրաբեռնված են` յուրաքանչյուրը երեքական խումբ ունի։ Գեղասահքի դպրոցի սաները 5-15 տարեկան են, բայց ծնողները պատրաստ են գեղասահքի տանել ավելի փոքր երեխաների։

«Երեկ ինձ զանգահարեցին և խնդրեցին դպրոց ընդունել 1 տարեկան և 10 ամսական երեխայի։ Ես նրանց բացատրեցի, որ, առաջին հերթին, չեք գտնի այդքան փոքր չմուշկներ, երկրորդ՝ չի կարելի այդքան փոքր երեխային թողնել սառույցի վրա։ Դա այնպիսի ծանրաբեռնվածություն է, որ մեծերից շատերը չեն դիմանում, իսկ նրանք շարունակում էին համոզել»,- պատմում է Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի ուսմասվար Գագիկ Հարությունյանը։

Նա այս մարզաձևի նկատմամբ զանգվածային հետաքրքրությունը բացատրում է ժամանակակից միտումներով։ Առկա է նաև հոգեբանական խնդիր. հաճախ ծնողների չիրականացված երազանքները բեռ են դառնում երեխաների համար, այլ կերպ ասած` նրանք ցանկանում են երեխաներին տալ այն, ինչից իրենք զրկված են եղել։

Հարությունյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը խոստացել է 2017թ-ին ֆինանս տրամադրել, որպեսզի մեր մարզիչները մեկնեն արտասահման` որակավորումը բարձրացնելու համար։

«10 տարի անց մենք աշխարհի չեմպիոն կունենանք»,- ասաց Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Գալիք միջազգային մրցումներում մեծ հույսեր են կապում մեր մարզիկներ Անաստասիա Գալուստյանի և Սլավիկ Հայրապետյանի հետ, որոնք մարզվում են Հայաստանից դուրս։

Դպրոցում հերթական ընդունելությունը տեղի կունենա փետրվարին` քննություններից հետո, որոնք յուրաքանչյուր կիսամյակ հանձնում են դպրոցի սաները։

Русская версия

97