«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները

Նախարարները փարատել են «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների մտահոգությունները

21
(Թարմացված է 23:30 10.01.2017)
Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, զրուցել սաների ու ծնողների հետ:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ հանդիպել են կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները հանգամանալից ներկայացրել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ «Փոքր Մհեր» կրթահամալիրի միավորման ծրագիրը, նշելով, որ գործընթացը նախաձեռնվել է ռազմական կրթության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների շրջանակում:

Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը փարատել են կրթահամալիրի սաների և նրանց ծնողների մտահոգությունները՝ կապված երկու կրթական հաստատությունների միավորման հնարավոր բարդությունների հետ` հավաստիացնելով, որ դրա արդյունքում կրթական պրոցեսը միայն շահելու է, ինչը դրական է անդրադառնալու ուսումնառության արդյունավետության, հետևաբար նաև՝ սաների գիտելիքների վրա:

Ընդգծելով, որ կրթահամալիրի սաներն ազատ են հետագա ուսուցման վայրի ընտրության հարցում՝ նախարարները նաև վստահեցրել են, որ միավորման գործընթացի շնորհիվ ակնկալվող արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում:

 

 

21