Իգնատի Առաքելյան

Ոռոգման ջրի հարցը` նախարարի ուշադրության կենտրոնում

18
(Թարմացված է 16:10 10.01.2017)
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոռոգման համակարգի բարելավման ուղիները։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր ոռոգման ջրի մատակարարման հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիների ուսումնասիրմանը նվիրված քննարկում, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարականի` այսօր կազմակերպել ենք քննարկում շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն է քննարկել ոռոգման համակարգի բարելավմանը, ոռոգման ջրի հասանելիությանն ու մատչելիության ապահովմանն առնչվող խնդիրները, առաջիկայում ոլորտում նախատեսվող ծրագրերը, նախանշել այն համատեղ քայլերը, որոնք մենք կարող ենք ձեռնարկել ոռոգման բնագավառի զարգացման ուղղությամբ», — նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը համառոտ ներկայացրել է քաղաքացիների կողմից հաճախ բարձրացվող հարցերը, որոնք հիմնականում վերաբերվում են ոռոգման ջրի հաշվառմանը և ջրամատակարարման ռեժիմի չպահպանմանը, ինչը հանգեցնում է բերքատվության կորուստի:
Անդրադարձ է կատարվել որոշ համայնքների ոռոգելի հողատարածքներում ոռոգման նորմաների նորմատիվային ջրապահանջարկի գերազանցմանը:

Այս և ոլորտում առկա այլ խնդիրների լուծման համար նախարարն ընդգծել է ոռոգման արդյունավետ եղանակների, մասնավորապես` կաթիլային համակարգի ներդրման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի ստեղծման անհրաժեշտության, տեղեկատվական բազաների փոխանակման նպատակով շահագրգիռ պետական մարմինների ավելի սերտ համագործակցության հարցերը:

Ոռոգման ջրի հասանելիության ապահովման և ջրի կորուստների կրճատման նպատակով ընդգծվել է հողերի խոշորացման անհրաժեշտությունը:

Ոռոգման ոլորտի կառավարումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանը շեշտել է ըստ մարզերի ոռոգելի հողատարածքների, ոռոգման ջրի համակարգերի գույքագրման կարևորությունը:

Ջրամատակարարման խնդիրները մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` բոլոր շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կուսումնասիրի առկա խնդիրները և առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարություն:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, այլ ներկայացուցիչներ:

18