ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան իր ողջույնի խոսքում, շնորհակալություն հայտնելով հայ գործընկերներին, նշեց. «Թալիշ ժողովրդի ձայնը լսվել է բազմաթիվ երկրներում, մեր շարժման համախոհներն օրեցօր ավելանում են»։
«Հպարտ եմ, որ ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնը կարողանում է կազմակերպել հայ-թալիշական համատեղ քննարկումներ: Մեր ամբիոնն իր ողջ` հիմնականում երիտասարդ կազմով իրականացնում է հսկայական աշխատանք թալիշների լեզվի, մշակույթի, ազգագրության և հասարակական-քաղաքական զարգացումների ուսումնասիրության և հանրայնացման գործում»,- իր ելույթում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Այսօր էլ ԵՊՀ-ում կազմակերպված այս ներկայանալի կազմով քննարկումը, նրա խոսքով, աննախադեպ էր։
«Չափազանց կարևոր է, որ մեր ամբիոնը և ընդհանրապես հայկական իրանագիտական դպրոցը զբաղվում է այս կարևոր խնդրով, և մեր թալիշ գործընկերները, որոնք հասարակական, քաղաքական և այլ ոլորտներ են ներկայացնում կամ զբաղվում են գիտությամբ, գնահատում են մեր աշխատանքը, ինչը պարտավորեցնող է»,- ասաց Ոսկանյանը:
Նա ներկայացրեց թալիշ ժողովրդի քաղաքական շարժմանն ուղղված վերջին զարգացումները:
«Ակնհայտ է, որ թալիշական շարժման մեջ կան տարբեր թևեր, և դա շատ բնական է: Գործընթացն ընթանում է քաղաքական մի դիապազոնում, երբ կան ինքնավարության կողմնակիցներից մինչև Թալիշստանի կատարյալ անկախության ջատագովներ։ Այս փուլի համար չափազանց կարևոր է, որ հազարամյակներով մեզ հետ հարևանություն անող թալիշները, նրանց քաղաքական վերնախավը և առաջնորդները, հարգում են հայկական ներդրումը և պատրաստակամ են համագործակցել մեզ հետ թե՛ հասարակական-քաղաքական դաշտում, թե՛ գիտական զարգացումներում»,- ասաց իրանագետը:
Քննարկմանը թալիշական կողմից մասնակցում էին Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան, ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը, Մոսկվայի թալիշական ազգային մշակութային ինքնավարության ղեկավար Ադիլ Նասիրովը, Եկատերինբուրգի թալիշական ազգային մշակութային ինքնավարության» ղեկավար Էլշան Հասանովը և Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զահիրադդին Իբրահիմին։
Վերջում ամփոփման խոսքով հանդես եկան հայկական կողմից Վարդան Ոսկանյանը, իսկ թալիշական կողմից Զահիրադդին Իբրահիմին և Էլշան Հասանովը` հաստատելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը հայ-թալիշական հարաբերությունների և երկկողմ համագործակցությունների ընդլայնման գործում, ինչպես նաև շեշտելով առաջիկայում ստեղծվելիք հայ-թալիշական համագործակցային պլատֆորմի շրջանակներում այսօրինակ միջոցառումներին պարբերական բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերից հետո հրաժարական տալու մտադրություն չունի: Նա այդ մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նիստի ընդմիջմանը։
Հարցին, թե ինչպես է գնահատում իր նկատմամբ իշխող քաղաքական ուժի պատգամավորների վերաբերմունքը, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Առնվազն ագրեսիվ: Պատճառը չգիտեմ»:
Խոսելով 2020թ-ի նոյեմբերի 15-ին դատական համակարգի անաչառության մասին իր տարածած հայտարարությունից հետո ԱԱԽ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կալանքի որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելու որոշման մասին՝ Վարդազարյանը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, իրավունք չունի դատարանի կայացրած որոշմանը գնահատական տալու:
Պատասխանելով ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանության առաջարկի մասին հարցերին՝ Վարդազարյանն ասաց, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ իր կարծիքով` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր Ջհանգիրյանին ընտրել ԲԴԽ անդամ:
«Ես այդ հայտարարությունն արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի մասին դեռ լուրերի մակարդակով էր խոսվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ պարոն Ջհանգիրյանը պաշտոնապես դարձավ թեկնածու, այդ պահից սկսած` ես պարոն Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չեմ արել և դրսևորել եմ այն զսպվածությունը, որը պարտադրված է օրենքով»,- ասաց նա:
Նույն տարիքային խնդիրը, ըստ նրա, եղել է նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման հետ կապված, ու անգամ այդ հարցով հայց է եղել դատարանում: Բայց Հարությունյանի պաշտոնանկությունից հետո հայցվորը հրաժարվել է իր հայցից:
Խորհրդարանը ՀՀ Վճռաբեկ դատարանի նոր նախագահ ընտրեց
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին, նրանք օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանն անցավ շատ թեժ մթնոլորտում։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
Սամվել Գրիգորյանը, սակայն, երեկ ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:


