ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Դժվարանցանելի են Մ-2 ավտոճանապարհից դեպի Սյունիքի մարզի Շինուհայր գյուղ ընկած հատվածը, Գորիս-Սիսիան (12-րդ կմ) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, հաղորդում է ԱԻՆ-ը:
Ճանապարհային ոստիկանությունը փակել է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը՝ մինչ մաքրման աշխատանքների ավարտը:
Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի, Դիլիջանի և Թասի ոլորաններին, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կաթնաղբյուր-Ուրասար, Ստեփանավան-Արմանիս, Գորիս-Սիսիան (12-րդ կմ) ավտոճանապարհներին, ինչպես նաև Մ-2 ավտոճանապարհից դեպի Շինուհայր գյուղ ընկած հատվածում առկա է ձնաբուք:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում, սակայն Լարսի անցակետը բեռնատարների համար միակողմանի (Ռուսաստանի կողմից) փակ է: