Վլադիմիր Պողոսյանն ու նրա փաստաբան Աշոտ Գևորգյանը

Արմեն Ամիրյանը որոշել է աշխատանքից հեռացնել Վլադիմիր Պողոսյանին

2539
(Թարմացված է 18:21 06.12.2016)
Արմեն Ամիրյանը դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ աշխատանքից ազատել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրենին՝ նրա ղեկավարած ՊՈԱԿ-ում հայտնաբերված խախտումների հիմքով:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Դեկտեմբերի 5-ին մշակույթի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն ազատված է աշխատանքից: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Պողոսյանը:

«Երկուշաբթի թռուցկաժողովի ժամանակ նախարարը հայտարարում է, որ «կա կադրային հարց, իմ հրամանով աշխատանքից ազատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Վլադիմիր Պողոսյանը»,- մեզ հետ զրույցում հայտնեց տնօրենն ու հավելեց, որ ինքը ժողովին ներկա չի եղել, մինչ այս պահն իր ազատման մասին չի ծանուցվել, հրամանի քաղվածքը չի ստացել և տեղեկացել է միայն նախարարության աշխատակիցների միջոցով:

Վլադիմիր Պողոսյանն այսօր իր փաստաբանի ուղեկցությամբ այցելել էր մշակույթի նախարարություն՝ անձամբ ստանալու իր հեռացման հրամանը: Բայց պարզվել է, որ այն դեռևս գոյություն չունի: ՊՈԱԿ-ի տնօրենին հայտնել են, որ նախարարը նրան աշխատանքից ազատելու հրամանը դեռևս չի ստորագրել:

Խճճված այս պատմության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու խնդրանքով Sputnik Արմենիան դիմեց մշակույթի նախարարություն, որտեղից ստացանք հետևյալ պատասխանը.

«Հիմք ընդունելով աուդիտի ուսումնասիրությունները, համաձայն որոնց, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում տեղի են ունեցել մի շարք ֆինանսական խախտումներ, ՀՀ մշակույթի նախարարությունում քննարկվել է Վլադիմիր Պողոսյանի՝ հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը։ Սակայն ազատման հրամանը չի ստորագրվել, քանի որ հայտնի է դարձել, որ Վ. Պողոսյանը դիմել է հիվանդանոց՝ բուժվելու»։

Վլադիմիր Պողոսյանը հայտնեց, որ նախարարության ներքին աուդիտն իր ղեկավարած ՊՈԱԿ-ում իրականացվել է նոյեմբերի 9-30-ը: Բայց աուդիտի արդյունքներն իրեն չեն ներկայացվել, ինքը ստացել է միայն միջանկյալ արձանագրություն, որին ինքը համապատասխան արձագանք է տվել:

«Արձանագրությունը վերաբերում է գնումների մասով 2013-2016 թթ-ին ՊՈԱԿ-ի համար ձեռք բերված տրանսպորտային միջոցների գնմանը: Բոլոր, իբր, նշված խախտումներին մենք առարկել ենք, պատասխանել ենք այդ միջանկյալ արձանագրությանը, որ մեր կողմից որևէ խախտում թույլ չի տրվել, պահպանվել է օրենքի տառը և կետը, իրականացվել է գնումների մասին օրենքի համաձայն»,-ասաց Պողոսյանը:

Աուդիտի վերջնական գնահատականն ու կազմված արձանագրությունը Վլադիմիր Պողոսյանն առայժմ չի ստացել, փոխարենը, ինչպես հայտնել են տնօրենին, Արմեն Ամիրյանը նույն օրը նաև հայտարարել է, որ հեռացման համար հիմք են ընդունվել ՊՈԱԿ-ում կատարված աուդիտի արդյունքները:

Պողոսյանի փաստաբան Աշոտ Գևորգյանը հայտնեց, որ օրենքը պահանջում է աուդիտի արձանագրած խախտումների վերաբերյալ արձանագրության նախագիծը ներկայացնել տվյալ կազմակերպությանը, որտեղ ստուգումներ են իրականացվել: Իսկ կազմակերպությունն իրավունք ունի 5-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները, առաջարկություններն ու դիտողությունները: Իսկ վերջնական արձանագրությունը, որը կազմվում է միայն համատեղ քննարկումից հետո, կարող է նաև վիճարկվել դատական կարգով:

«Մինչև այդ խախտումներն օրինական ուժ չստանան, որևէ ձևով անձի վարքագծին կամ նրա վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակելը, ինչ մնաց՝ հրաման արձակելը, անօրինական է»,- ասաց փաստաբանը՝ չբացառելով, որ աուդիտի եզրակացությունն ու նախարարի հրամանը ստանալուց հետո դիմեն դատարան: Մշակույթի նախարարությունն էլ իր հերթին է հայտարարում, որ աուդիտի արդյունքներն ուղարկվելու են իրավապահներին:

«Սույն չարաշահումների հետ կապված ուսումնասիրությունը կուղարկվի իրավապահ մարմիններին»,- ասված է նախարարության՝ Sputnik Արմենիային փոխանցված մեկնաբանության մեջ:

2539