Երկրաշարժ

Երկրաշարժից 28 տարի անց մարդիկ վերջապես տուն կունենան

65
(Թարմացված է 17:21 06.12.2016)
Հայաստանը դեռ զգում է 1988 թվականի կործանիչ երկրաշարժի հետևանքները։ Մինչև այսօր էլ գյուղերում կան ընտանիքներ, որոնք տուն չունեն։ Պետական ծրագրի շրջանակում 550 ընտանիք բնակարան կստանա մինչև 2018 թվականը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2018 թվականին ավարտել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած քաղաքացիներին բնակարանով ապահովելու պետական ծրագիրը։

Սակայն դեռ պարզ չէ` խնդիրը վերջնական լուծում կստանա, թե ոչ։

«Բացի բնակարանից, պետք է հաշվի առնել նաև սոցիալական գործոնը. աշխատանքի հարցը, ունեցվածքային և բարոյական կորուստները»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։

Նրա խոսքով` սա աղետի գոտում կառավարության իրականացրած միակ ծրագիրն է, և բնակարանները տրամադրվել են նախևառաջ այն ընտանիքներին, որոնք երկրաշարժից առաջ բազմահարկ շենքերում են ապրել։

Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագրով շահառու ճանաչված 5400 ընտանիքից 4170-ին մինչ 2014 թվականն արդեն հատկացվել էր բնակարան կամ ֆինանսական աջակցություն, 2015 թվականին անօթևան 43 ընտանիք է ապահովվել բնակարանով, 2016-ին՝ 287: Այսպիսով, մնացել է բնակարանի խնդիր ունեցող 550 ընտանիք, որոնք բնակարան կստանան մինչև 2018 թվականը։

«1988 թվականին ոչ ոք մասնավոր սեփականություն չուներ, քանի որ բոլորն ապրում էին պետական կոոպերատիվներում։ Այսօր կառավարությունը տներ տրամադրելիս առաջին հերթին վերականգնում է իր բնակարանային ֆոնդը», — ասաց Արզումանյանը։

Դեպքեր են եղել, որ ամբողջ ընտանիքն է մնացել փլատակների տակ ու զոհվել։ Այդ դեպքում նրանց անուղղակի բարեկամները ունեցվածքի փոխհատուցում չեն ստանում։

Այս ընթացքում ժառանգության հարցն ուսումնասիրվել է 28 անգամ. սեփականաշնորհման ժամանակ դեպքեր են եղել, երբ մարդը, որի անունով գրանցվում էր բնակարանը, մահացել է այն ստանալուց առաջ։ Հետևաբար, բնակարանը փոխանցվել է երեխաներին։

Պաշտոնական տվյալների համաձայն` 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, անօթևան դարձել` 535 հազար մարդ։ Մինչև 7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները 30 վայրկյանում ավերեցին Սպիտակը, ինչպես նաև հանրապետության այլ քաղաքներ` Լենինականը (ներկայիս Գյումրի), Կիրովականը (ներկայիս Վանաձոր) և Ստեփանավանը։ Երկրաշարժից ընդհանուր առմամբ տուժել է 21 քաղաք, ինչպես նաև 350 գյուղ, ընդ որում դրանցից 58-ն ամբողջությամբ։

65