Մամուլ

Մամուլ. Նախընտրական վերադասավորումներից մինչև ազգովի խնդրելու գործընթաց

96
(Թարմացված է 09:34 06.12.2016)
Ի՞նչ են գրում թերթերը։ Sputnik Արմենիան ներկայացնում է դեկտեմբերի 6–ի մամուլի տեսությունը։

«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ն ցուցակներ է կազմում

ՀՀԿ-ում սկսվել է ռեյտինգային ընտրակարգով ցուցակներ կազմելու գործընթացը: Ըստ թերթի, քննարկվում է, թե որ տարածաշրջանում ում թեկնածությունն է առաջադրվելու: Ընդ որում, յուրաքանչյուր տարածաշրջանում մի քանի թեկնածություն է առաջադրվելու:

«Մեր տեղեկություններով, Չարենցավանում այդ պարտավորությունը կիսում են պատգամավոր Վարդան Այվազյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը կամ նրա որդին՝ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը եւ «ՄԻԿՄԵՏԱԼ» ընկերության սեփականատեր Միխայիլ Հարությունյանի որդին»,- գրում է թերթը՝ հիշեցնելով, որ վերջինը Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին:

«Ժողովուրդ».Մեկ տարի առաջ Ծառուկյանը չարիք էր

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցին: «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք». սա Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2015-ի փետրվարի 12-ին արված հայտարարությունից պատառիկ է։

Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունից դուրս գալու եւ իրեն ամբողջովին սպորտին նվիրելու մասին: Բայց մոտ երկու տարի անց ԲՀԿ-ին հավատարիմ մնացած գործիչներն ու հազարավոր քաղաքացիներ պարբերաբար տարբեր ֆորմատներով դիմում են Գագիկ Ծառուկյանին՝ վերադառնալու խնդրանքներով:

Նույնիսկ նրա տան դիմաց էին հավաքվել քաղաքացիները, որոնց ներկայությունից ճնշված Ծառուկյանը իջավ իր դղյակից, խոստացավ առանձին հայտարարությամբ տեղեկացնել անելիքների մասին՝ միաժամանակ ակնարկելով, որ առաջիկա ընտրություններին անպայման մասնակցություն կունենա»,- գրում է թերթը:

Ու թեև Ծառուկյանը դեռ ոչինչ չի հայտարարել, բայց ըստ թերթի, ՀՀԿ-ական շատ գործիչներ «ոչ կոմֆորտ» իրավիճակի մեջ են հայտնվել, հատկապես նրանք, որոնք առիթը բաց չէին թողել իրենց վերադասի թողտվությամբ Ծառուկյանի հասցեին կոշտ որակումներ հնչեցնելու:

«Փաստ» Քոքոբելյանի ապագան մշուշոտ է

«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «Ժառանգություն» կուսակցության հետ դաշինքով խորհրդարան «մտած» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության եւ նրա ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի քաղաքական ապագան մշուշոտ է:

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ դաշինք կազմելու պլանները իրականություն չեն դարձել, «Համախմբում» կուսակցության հետ եւս լեզու չեն գտել, Ծառուկյանի վերադարձի դեպքում էլ Քոքոբելյանենք նրա հետ դաշինք կազմելու որեւէ տարբերակ չունեն»:

Թերթի կարծիքով, Արեւմտամետ Ազատ դեմոկրատներին մնացել է միակ ելքը` կրկին միավորվել «Ժառանգության» հետ, որին կտրուկ դեմ է Զարուհի Փոստանջյանը, ում կարծիքով ընտրություններին պետք է միայնակ մասնակցել:

«Թե որ բեւեռում կտեղավորվի քաղաքական տարաբնույթ պրոցեսներ «եփելու» մեծագույն վարպետ Քոքոբելյանը` առայժմ մնում է «օդից կախված»»,-գրում է «Փաստ» օրաթերթը:

«Հայկական ժամանակ». Դարձյալ Տարոնը

2017 թ. ԱԺ ընտրություններից գրեթե անմիջապես հետո կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն էլի Տարոն Մարգարյանն է լինելու, գրում է թերթը՝ նշելով, որ այդ մասին խոսվում է ՀՀԿ-ական շրջանակներում:

«Ժողովուրդ». 1000 դրամների նախագծից «պարտադիր»-ը կհանվի

«Ժողովուրդ» թերթի հրապարակման համաձայն, «Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռեւս անորոշ վիճակում է:

Թեեւ ՀՀԿ համագումարի օրը՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, եւ յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ, իրավիճակը փոխվել է:

«Իրականում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր անդրանիկ նախագծի հետ մնացել է միայնակ: ՀՀԿ-ն հասկացել է, որ ապրիլյան ընտրություններից առաջ նման ռիսկի գնալը կարող է վատ հետեւանքներ ունենալ, դրա համար էլ նախագահի նստավայրում որոշվել է «պարտադիր» բաղադրիչը հանել, փոխարինել «ցանկալիով»,- գրում է թերթը՝ կարծիք հայտնելով, որ ԱԺ-ում նախագիծը 2-րդ ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ արդեն «պարտադիր»-ը հանված կլինի:

96