ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Հանդիպման սկզբում նախարարը ձկնաբույծներին կոչ է արել բաց և արդյունավետ երկխոսության` ներկայացնելու իրենց տեսակետը մեր երկրում ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, ոլորտի առավել արագընթաց և նպատակային զարգացումն ապահովելու նպատակով:
«Մենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք ենք նախաձեռնել` դեմ առ դեմ քննարկելու բոլոր ցավոտ խնդիրները, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում և երկուստեք աշխատանքի միջոցով գտնելու դրանց առավել իրատեսական և արդյունավետ լուծման տարբերակները»,-իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է ձկնաբուծությունն առանց երկրի էկոլոգիային վնաս հասցնելու և ջրային պաշարների առավելագույնս խնայողաբար օգտագործելու միջոցով զարգացնելու հնարավորությունները` անդրադառնալով ջրօգտագործման փակ ցիկլով համակարգերի կիրառման հարցին:
Ձկնաբույծների խոսքով` այս համակարգի կիրառումը ոչ միայն ծախսատար է, այլև բացասաբար կանդրադառնա արտադրած ձկնամթերքի որակական հատկանիշների վրա, ինչը կհանգեցնի սպառման ծավալների էական կրճատման, քանի որ արտաքին շուկայում հայկական ձկնամթերքն իր մրցունակությունը կարողանում է պահպանել հենց բրենդի և որակի շնորհիվ: Փոխարենը նրանք առաջարկել են առավել բալանսավորված օգտագործել ընդերքի ջրային պաշարները` ընդգծելով, որ ճիշտ բաշխման դեպքում ինքնավերականգնվող ջրային պաշարները բավարար են ձկնաբուծության առկա ծավալները նույնիսկ կրկնապատկելու համար:
Հանդիպման մասնակիցները մասնավորապես շեշտել են ցածրադիր վայրերում գործունեություն ծավալող տնտեսավարողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը, և որպես լուծման առավել արդյունավետ տարբերակ` առաջարկել ջուրը տրամադրել քվոտավորված` ըստ արտադրության ծավալների:
«Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանի խոսքով` 1լ/վ ջրով տարեկան կտրվածքով կարելի է արտադրել 700 կգ ձուկ:
Նախարարը նշել է, որ առաջարկը քննարկման կներկայացվի շահագրգիռ գերատեսչություններին, և արդյունքների մասին նախարարությունը տեղյակ կպահի ներկաներին:
Բարձրացվել են նաև ջրի վարձավճարներին, ձկնկիթի մաքսազերծմանը, արտահանման խթանմանը, ոլորտում մրցակցության և հավասար խաղի կանոնների պահպանմանը, ներմուծվող ձկան կերի հարկմանն առնչվող և այլ հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատումից հետո, Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը մոտ 300 է։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան


