Լաուրա Սարգսյան, Sputnik.
Հայերը վաղեմի ժամանակներից բնակվում են Վրաստանի տարածքում` տարբեր ժամանակահատվածներում բարձր պաշտոններ զբաղեցնելով, ակտիվ մասնակցություն ունենալով բնակչության բոլոր խավերի կյանքում։ Այդ միտումը պահպանվել է նաև այսօր, չնայած նրան, որ Վրաստանում բնակվող հայերի քանակը մի քանի անգամ նվազել է։
«1914թ-ի տվյալներով` Վրաստանում գործել է 145 եկեղեցի, որտեղ ծառայել է 355 հոգևորական։ Վրաստանի տարածքում գործել են բազմաթիվ հայկական դպրոցներ, հիվանդանոցներ և մշակույթի տներ», — ասաց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ղեկավար Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Մենք այսօր այլ պատկեր ենք տեսնում. Թբիլիսիում գործում է երկու եկեղեցի, մեկը` Բաթումում և շուրջ 56 եկեղեցի՝ Սամցխե-Ջավախեթի և Քվեմո-Քարթլի շրջաններում։ Բաթումի, Թբիլիսիի և Ջավախքի եկեղեցիներին կից ակտիվ գործում են մշակութային կենտրոններ։
Վրաստանի հայ համայնքի կյանքում հատուկ դեր է խաղում եկեղեցին, որը յուրօրինակ փոքր Հայաստան է պատմական հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցների համար։
«Եկեղեցու և հոգևոր այրերի առաքելությունը մեր հայրենակիցների ազգային ինքնությունը պահպանելն է։ Հայաստանից հեռու մենք նույնպես դառնում ենք հասարակական գործիչներ»,- ասաց Միրզախանյանը։
Նա խոստովանեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, վերջին տարիներին եկեղեցին կարողացել է վերադարձնել հայերին դեպի իրենց ավանդույթները։ Եպիսկոպոսը հաջողության բանաձևը համարում է ավանդույթների պահպանումը և վերականգնումը։ Նա նշեց, որ վիրահայերի հետ աշխատելն ավելի հեշտ է, քանի որ նրանք միշտ սերտորեն կապված են եղել ինչպես Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի, այնպես էլ Հայաստանի հետ։
Եկեղեցին երկրի սահմաններից դուրս բնակվող հայերի համար հոգևոր կենտրոն է, որը գրավում է երիտասարդությանը, քանի որ այստեղ կարելի է հանդիպել հայերի հետ, շփվել։
«Երիտասարդության մեջ մեծ հետաքրքրություն են առաջացնում եկեղեցուն կից գործող մշակութային կենտրոնները, որտեղ դասավանդում են ազգային պարեր, երգեր, հայոց լեզու», — նշեց Միրզախանյանը։
Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները պարբերաբար ուխտագնացություն են կազմակերպում դեպի Հայաստան և Ղարաբաղ։
Համայնքի միակ գլոբալ խնդիրը հենց երկրում ցածր կենսամակարդակն է և լեզվական արգելքը։ Եթե Թբիլիսիի հայերն ավելի ինտեգրված են վրացական միջավայրում, ապա Ջավախքում ապրող հայերի մոտ մինչև հիմա կան լեզվական խոչընդոտներ։
«Լավ է, որ վրացական կառավարությունն ավելացրել է հայկական դպրոցներում վրացերենի դասավանդման ժամերը»,- ասաց Միրզախանյանը։
Նրա խոսքով` վրացերենի լավ իմացությունը չի խանգարի հայերին պահպանել ազգային ինքնությունը։
«Մենք պատարագները և ժամերգություններն անցկացնում ենք միայն հայերենով։ Բացառություն են կազմում հայերի ամուսնություններն արտասահմանցիների հետ, բայց այդ ժամանակ էլ պատարագից հետո օտար լեզվով բացատրություններ են լինում»,- ասաց Միրզախանյանը։
Հայերը բնակվում են Վրաստանում դեռ մ.թ.ա. 2-րդ դարից` Արտաշեսյանների կառավարման շրջանից։ Քրիստոնեություն ընդունելուց հետո հայերը և վրացիներն աղոթել են մի եկեղեցում։
5-րդ դարում Վարդան Մամիկոնյանի դուստրը` Շուշանիկը, հատուկ հրաման է հրապարակել, որի համաձայն՝ Վրաստանի բոլոր եկեղեցիներում պատարագները պետք է անցկացվեն երկու լեզվով` հայերեն և վրացերեն։ Ուստի, մինչև 7-րդ դարը, երբ պառակտում է եղել երկու եկեղեցիների միջև, հայերն առանձին եկեղեցի չեն ունեցել Վրաստանի տարածքում։
ՀԱԵ Վիրահայոց թեմը ձևավորվել է 12-րդ դարում` Վրաստանի Դավիթ Շինարար արքայի կառավարման ժամանակներից։ Հենց այդ շրջանում Վրաստանում կառուցվել են հարյուրավոր հայկական եկեղեցիներ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատումից հետո, Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը մոտ 300 է։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան


