ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. «Հայկական ժամանակ» օրաթերթը նոյեմբերի 25-ին հոդված է տպագրել «Ֆինանսների նախարարը շարունակում է օգտվել ճոխ թռիչքներից» և նշել, որ նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսն արժեցել է 2 միլիոն 743 հազար դրամ կամ ավելի քան 5 հազար 500 դոլար։
ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել այս հոդվածի կապակցությամբ.
«Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱՄՆ մեկնել է մասնակցելու երկու միջոցառումների. առաջինը`Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին, իսկ երկրորդը` Նյու Յորքի «Հայաստան ներդրումային համաժողով 2016» համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար (հիմք՝ ՀՀ վարչապետի «Պատվիրակություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» 2016 հոկտեմբերի 3-ի N 899 — Ա որոշում):

Համաձայն Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանոնների՝ տարեկան համաժողովներին մասնակցելու համար հրավիրող կողմը իրականացնում է մասնակից կառավարիչների (փոխկառավարիչների) որոշակի ծախսերի փոխհատուցում: Այդ իսկ պատճառով և նկատի ունենալով, որ չվերթը Երևանից դեպի Նյու Յորք, ապա գնացքով Վաշինգտոն տևել է ավելի քան 25 ժամ՝ ձեռք է բերվել բիզնես դասի տոմս, որի արժեքը նշված է հրապարակման մեջ:
Հայաստան վերադառնալուց հետո՝ էկոնոմ և բիզնես դասերի տոմսերի տարբերությունը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից վճարվել է ՀՀ ՖՆ աշխատակազմի հաշվապահություն՝ ՀՀ պետբյուջե վերադարձման նպատակով (հիմք՝ մուտքի օրդեր N 101, 14.10.2016):
Հ.Գ. հիշատակման արժանի է փաստը, որ տվյալ գործուղման շրջանակում միջոցները խնայողաբար օգտագործելու նպատակով նախարար Վարդան Արամյանը նախընտրել է Նյու Յորք-Վաշինգտոն-Նյու Յորք երթուղին իրականացնել ոչ թե ինքնաթիռով (ինչը հնարավոր էր), այլ՝ գնացքով, որն էլ անհամեմատ էժան է: Ավելին, նախարար Վարդան Արամյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ այդպիսով չօգտագործելով մեկօրյա գիշերավարձի և օրապահիկի հասանելիք բյուջետային միջոցները: Հետևաբար, վերոհիշյալ հրապարակման ձևակերպումը («Ճոխ թռիչք»), մեղմ ասած, պատշաճ չէ առկա փաստերի պարագայում»,-նշում են նախարարությունից:
Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակ»-ի` նախարար Վարդան Արամյանի` Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսը 2 միլիոն 743 հազար դրամ է արժեցել, «քանի որ նախարարը թռել է բիզնես դասով, և նման արտոնյալ կարգավիճակ ունեն միայն ԱԱԽ անդամները»։
«Եվ հետաքրքիրն այն է, որ այս տոմսը գնվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, թե ավիատոմսերի գնման դեպքում պետք է վերացնեք «պրիմիտիվ գողությունները»»,- նշված է հոդվածում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատումից հետո, Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը մոտ 300 է։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան


