Էդուարդ Շարմազանով

Հայաստանը Պակիստանին «զրկել է» ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակից

220
(Թարմացված է 12:00 24.11.2016)
ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ջանքերով Պակիստանին այդ կառույցում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը հանվել է օրակարգից։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ջանքերով Պակիստանին այդ կառույցում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը հանվել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի՝ նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստի օրակարգից: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Փոխխոսնակի խոսքով` այդ առնչությամբ նա նամակով դիմել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ պարզաբանելով հայկական պատվիրակության դիրքորոշումը:

«Նամակում, մասնավորապես, ընդգծել եմ, որ հայկական պատվիրակությունը հանդես է գալիս ՀԱՊԿ ԽՎ-ում Պակիստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու դեմ: Որպես մեր դիրքորոշման հիմնավորում՝ նշել եմ այն փաստը, որ Պակիստանը մինչ այժմ չի ճանաչել Հայաստանի անկախությունը»,- պարզաբանել է Շարմազանովը։

Ըստ նրա` Պակիստանը նաև միակողմանի կարգով աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը, ինչը հակասում է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ ՀԱՊԿ դիրքորոշմանը:

«Այդ քաղաքականության դրսևորում էր ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմի օրերին Իսլամաբադի կողմից Բաքվի ռազմատենչ գործողություններին աջակցությունը»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` այսօր ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական կոմիտեի նիստում այդ նամակը քննարկվել է, և որոշում է կայացվել այդ հարցը չընդգրկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգում:

220