Մամուլ

Մամուլ. էժան ավիատոմսերի թանկացումից մինչև Սփյուռքի նախարարությունում արձանագրված խախտումներ

34
(Թարմացված է 09:23 24.11.2016)
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 24–ի մամուլի տեսությունը։

«Հայկական ժամանակ». 7 հազար դրամով «Պոբեդան» ընդամենը 3 թռիչք կիրականացնի. հետո կթանկանա տոմսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, պարզվում է, ընդամենը առաջին երեք թռիչքներն է Գյումրիից Մոսկվա իրականացնելու 7 հազար դրամով: Առաջին թռիչքը նախատեսված է դեկտեմբերի 15-ին, երկրորդը՝ 18-ին, երրորդը՝ դեկտեմբերի 22-ին: Այս երեք օրերի համար 1 ավիատոմսի արժեքը սկսվում է 7 հազար 117 դրամից, իսկ դրանից հետո 17 հազար, ապա՝ 21, 25 և 29 հազար դրամներ:

Հաշվի առնելով, որ դեկտեմբերի վերջին շաբաթը նախատոնական է, կարելի էր տրամաբանական համարել թանկացումը, սակայն «Պոբեդան» տոներից հետո էլ հունվար ամսին ամենաէժան տոմսը սահմանել է 17 հազար դրամ:

7 հազար 117 դրամ արժողությամբ տոմս ունենալու դեպքում քաղաքացին ինքնաթիռում կարող է կրել հետևյալ իրերը՝ կանացի պայուսակ կամ պորտֆել, հովանոց, ձեռնափայտ, ծաղկեփունջ, վերնաշապիկ, կոստյում, տպագիր մամուլ և պլանշետ:

Ի դեպ, բոլոր տոմսերն սկսվում են 7 հազար 117 դրամից, սակայն ամեն մի հավելյալ ծառայության համար առանձին վճար է նախատեսված: Օրինակ՝ ընտանի կենդանու հետ ինքնաթիռ բարձրանալը վճարովի է և այլն: Հավելյալ վճարի դեպքում ավիաընկերությունը Երևանից Գյումրի ավտոբուսով փոխադրում էլ է կատարում:

Նշենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանն ազատվեց, այսպես ասած, «օդի փող»-ից 2014 թվականին կառավարության դեկտեմբերի 11-ին նիստում ընդունված որոշումից հետո, երբ առաջարկվեց փոփոխության ենթարկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, որպեսզի Գյումրիի օդանավակայանը շահավետ լինի բյուջետային ավիաընկերությունների համար»:

«Հրապարակ». Աղվան Հովսեփյանը որդուն է պսակում. հրավիրված է ողջ էլիտան. «ոխերիմ բարեկամները»՝ մի սեղանի շուրջ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակի հարսանիքն է: Խնջույքը տեղի կունենա «Ֆլորենս» ռեստորանում, հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ գործադիր, օրենսդիր, ուժային կառույցների ղեկավարներ, գործընկերներ:

ՀՀԿ-ականների համար հետհամագումարյան հարսանիքը ռելաքսի միջոց կլինի: Խնջույքը հետաքրքիր է նաև իրավապահ համակարգի նախկին և ներկա ղեկավարների հանդիպման իմաստով՝ «ոխերիմ բարեկամները» մի սեղանի շուրջ են հավաքվելու:

Ըստ ամենայնի՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրավիրվածների մեջ չի լինի, պաշտոնանկությունից հետո նա լրիվ հայտնվել է լուսանցքում:

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը երեք որդի ունի, կրտսերը՝ Արմենը, ԿԲ-ում է աշխատում, Գարեգին Նուշիկյանի դստեր հետ է ամուսնացած: Ավագ որդին՝ Նարեկը, ԱԱԾ-ում քննիչ է: Իսկ ամուսնացող որդին՝ Միսակը, ատամնաբույժ է, ավարտել է Երևանի բժշկական համալսարանը, հետո Գերմանիայի Մայնց քաղաքում՝ կլինօրդինատուրան, ունի ատամնաբուժական կլինիկա»:

«Ժամանակ». Կարեն Կարապետյանը ԱԺ նախագահի հավանական թեկնածու է

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Սամվել Կարապետյանի ոչ միայն տնտեսական ակտիվներն են մեծանում, այլև՝ քաղաքական: Դեռ 2010-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո ներիշխանական հնարավոր մեծ լարումը հարթեց հենց Սամվել Կարապետյանը: Դրանից հետո, 2015-ի փետրվարին Գ. Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու որոշման կայացման մեջ մեծ էր նաև իր ներդրումը:

Հիմա Սամվել Կարապետյանը բաժնեմաս ունի Հայաստանի առաջատար խոշոր մեդիա ընկերություններում: Մեծ դերակատարում ունի նաև նորանշանակ Կարեն Կարապետյանի Հայաստան գալու գործում:

Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը, հաջորդ ԱԺ-ի համար դիտարկվում է խորհրդարանի նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը: Վերջինս 2014 թ. Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո հրապարակային հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից, հենց Հովիկ Աբրահամյանի ապաշնորհ վարչապետությունը «չսպասարկելու» համար:

Կարեն Կարապետյանը համարվում է Մոսկվայի մարդը, այժմ էլ անթաքույց պնդում է, որ պատրաստ է ԱԺ նախագահ աշխատել թե գործող վարչապետ Կարեն Կարապետյանի, թե հաջորդ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ»:

«Ժամանակ». Սփյուռքի նախարարությունում անհետ կորել են տարեգրքերը

ՀՀ սփյուռքի նախարարությունում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ընթացիկ տարվա մարտի 30-ից մինչև սեպտեմբերի 1-ն անցկացրած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել։

«Ժողովուրդը» ՎՊ-ի կողմից բացահայտված փաստաթղթերից տեղեկացել է, որ սփյուռքի նախարարությունը «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին «հայերն այսօր» էլեկտրոնային օրաթերթի և էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար յուրաքանչյուր տարի հատկացրել է 30 մլն 38 հազար դրամ։ Իսկ «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում ծրագրով 2015 և 2015 թվականներին նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվել է 8,2 մլն դրամ։

Նախարարության կողմից անցկացված մրցույթին հաղթող ճանաչված «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 7 մլն 761 հազար 600 դրամ, 2100 հատ տարեգիրքը հրատարակելու պայմանագիր է կնքել։ Բայց 2100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգրքից բաշխել է 1025-ը, 1075 հատը` մոտ 4 մլն դրամ արժեքով, «անհետ կորել են»։ Ասել է թե` անպիտան ծախս է եղել։

34