ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԱԺ-ի պատգամավորներն ապրիլյան պատերազմից հետո հայտարարեցին, թե պատրաստ են իրենց աշխատավարձերի նվազագույնը 1%-ն ամեն ամիս փոխանցել մարտական գործողությունների ժամանակ տուժած զինվորականների ընտանիքներին: Խոստացան, բայց փոխանցեցին ոչ բոլորը: Այս մասին այսօր հայտնի դարձավ այդ նպատակով ստեղծված ԱԺ-ի աջակցության հիմնադրամի աշխատանքային հանձնաժողովի անդրանիկ նիստում:
Հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնեց, որ ԱԺ-ի աշխատակիցներն ու պատգամավորները միայն հոկտեմբեր ամսվա աշխատավարձերից հիմնադրամին 2 մլն 26 հազար 800 դրամ գումար են փոխանցել:
Ի դեպ, թեև պատգամավորները նման պատրաստակամություն էին հայտնել հուլիսին, բայց վճարումները կատարվել են միայն 4 ամիս անց՝ նոյեմբերին: Արսեն Բաբայանն այս հետաձգումը պայմանավորեց տեխնիկական խնդիրներով:
«Զուտ կազմակերպչական աշխատանքների պատճառով, քանի որ սկզբում չէր որոշվել, որ պետք է լինի առանձին հիմնադրամ, ինչ կազմ պետք է ունենա, խմբակցություններն ինչ մասնակցություն պետք է ունենան: Եվ այդ ամբողջ ընթացքում որևէ մեկից որևէ գումար չի պահվել: Պահվել է միայն այն ժամանակ, երբ կար համապատասխան հաշվեհամարը, երբ կար հիմնադրամը, այսինքն՝ միայն հոկտեմբեր ամսվա համար»,- ասաց նա:
Բայց հոկտեմբեր ամսվա իրենց աշխատավարձից հիմնադրամին վճարումներ են կատարել ոչ բոլոր պատգամավորները: Արսեն Բաբայանն այս իրողությունը չժխտեց, բայց և հրաժարվեց չվճարողների անունները հրապարակել՝ խորհուրդ տալով նրանց անունները փնտրել հիմնադրամի կայքում հրապարակված անունների ցանկում:
Հրապարակված ցուցակի համաձայն` հոկտեմբերի իրենց աշխատավարձերից հիմնադրամին փոխանցում է կատարել 478 մարդ, որոնցից 392-ը ԱԺ-ի աշխատակազմի աշխատակիցներն են՝ վարորդներ, պատգամավորների օգնականներ, խորհրդականներ, տարբեր վարչությունների ու բաժինների աշխատակիցներ, 86-ը՝ պատգամավորներ:
Արսեն Բաբայանի խոսքով` չվճարողների մի մասն ուղղակի տեղյակ չի եղել, որ պետք է դիմում գրի, որպեսզի իր աշխատավարձից պահում անեն, եղել են նաև տեխնիկական խնդիրներով ցանկից դուրս մնացածներ և այնպիսիք, ովքեր գերադասել են ինքնուրույն օգնել զինվորականներին ու նրանց ընտանիքներին: Վերջինները, ի դեպ, ըստ Բաբայանի՝ հիմնականում ՕԵԿ և ԲՀԿ խմբակցությունների անդամներն են:
Հիմնադրամի բոլոր մուտքերը հրապարակված են հիմնադրամի՝ zinvor.org կայքում: Ըստ այդ հրապարակման, ամենափոքր վճարումը 160 դրամ է, ամենախոշորը՝ 466 390 հազար դրամ: Վերջինն, ի դեպ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի վճարումն է, որն, Արսեն Բաբայանի խոսքով` հիմնադրամին է փոխանցել իր հոկտեմբեր ամսվա ամբողջ աշխատավարձը:
Մյուս պատգամավորները վճարել են 5-33 000 —ական դրամ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 11 910 դրամ է փոխանցել, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Առաքել Մովսիսյանն ու Սեյրան Սարոյանը՝ 6300-ական դրամ, Մանվել Գրիգորյանը՝ 6610 դրամ, Մհեր Սեդրակյանը՝ 5040 դրամ, Սամվել Ալեքսանյանը՝ 5670 դրամ:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Նիկոլ Փաշինյանը, օրինակ, դրամահավաքին չեն մասնակցել:
Թե որ զինծառայողների ընտանիքները կստանան ԱԺ- աջակցությունը և ինչ տեսքով, հանձնաժողովում դեռ չեն որոշել: Այստեղ դեռ մշակվում է աջակցության կարիք ունեցողների տվյալները: Իսկ այդպիսիք, ինչպես հայտնեց հանձնաժողովի անդամ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, քիչ չեն:
«Խիստ կարիքավորներն ու կարիքավորները շուրջ 50 տոկոս են կազմում: Մենք շաբաթական միջինը 30 ընտանիքի հետ աշխատում ենք: Աշխատել ասելով՝ կոնկրետ օգնում ենք, աշխատում ենք ավելի շատերի հետ: Բայց 30-40 ընտանիք ամեն շաբաթ ֆինանսական աջակցություն է ստանում՝ ուսման վարձի տեսքով, ձմռան վառելիքի տեսքով, կոմունալ վճարումների տեսքով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ նոր հիմնադրամին, դրա անդամներն ու ղեկավարները խոստացան, որ շարունակելու են թափանցիկ աշխատել և առաջիկայում մանրամասն ներկայացնել ոչ միայն մուտքերը, այլև ծախսերը՝ ըստ իրականացված կոնկրետ ծրագրերի:
Միաժամանակ Արսեն Բաբայանը չբացառեց, որ առաջիկայում հավաքված գումարը հետագայում կարող է փոխանցվել կառավարության նախաձեռնությամբ ստեղծված նոր՝ զինծառայողների ընտանիքների աջակցող պետական հիմնադրամին:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վեճ են ունեցել, դրանից է ծագել խնդիրը։ Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ես վստահ եմ, որ նախկինները կապ չունեն, ներկաների միջև վեճ է եղել։ Ի՞նչ է եղել․ Փաշինյանը որոշել է պատերազմի ամբողջ պատասանատվությունը գցի բանակի վրա, ԳՇ-ն հայտարարություն է արել, իսկ փողոցի ընդդիմությունը դա անմտորեն կապել է իր հետ՝ դրանով «պադստավկա անելով» ԳՇ-ին ու օգնելով Փաշինյանին։ ԳՇ-ն ոչ մեկի կողմը չէր բռնել, բայց քանի որ փողոցի ընդդիմությունը համարեց, որ բանակն իրենց է միանում, Փաշինյանը դա օգտագործեց՝ ասելով, որ ահա, Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը», - ասաց Մարուքյանը։
Ավելի վաղ Մարուքյանը Փաշինյանից ապացույց էր պահանջել առ այն, որ Սարգսյանն, իրոք, Գասպարյանին հրաման է տվել պահանջել գործող վարչապետի հրաժարականը։ Մարուքյանը վստահ է, որ նման ապացույց իրականում չկա։
«Մեկն ասում է՝ Քոչարյան-Սարգսյանն է հրամաններ տալիս ԳՇ-ին, մյուսն ասում է՝ Էրդողան-Ալիևն են հրամաններ տալիս Փաշինյանին։ Անիմաստ հո խոսելով չէ՞։ Մարդու խոսքը գին ունի՞, թե՞ չէ։ Ապացույցներ թող ներկայացնեն», - ասաց նա։
ԼՀԿ առաջնորդը անիմաստ է համարում այն մտավախությունը, թե արտահերթ ընտրությունները կարող են բախումների բերել կամ/և կեղծվել։
«Բախումներ հիմա փողոցներում էլ կան։ ԼՀԿ-ն ունի չորս հազար հանձնաժողովի անդամ, նույնքան ունի ԲՀԿ-ն, մենք կարող ենք վերահսկել իրավիճակը։ Գումարած դրան՝ ՀՀԿ-ի ժամանակ էլ էին վարչական ռեսուրս կիրառում, բայց ես ո՞նց ընտրվեցի։ Մարդիկ ՀՀԿ-ի համար ձայներ էին բերում, բայց ես կարողացա ընտրվել»,-հիշեցրեց նա։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմն էլ էր արդեն գնում Սերժ Սարգսյանի ճանապարհով, այսինքն՝ մահվան գնով պահելու էր իր աթոռը, իսկ պատերազմից հետո նա ավելի է կառչել աթոռից։
Հիշեցնենք` ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց, նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։
Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։
Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։
Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։
«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ
2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։ ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։



