Աղքատություն

Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է

103
Տեղի է ունեցել «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի շնորհանդեսը, որը ներկայացրել է Ազգային վիճակագրության ծառայության աշխատակից Դիաննա Մարտիրոսյանը։ Ըստ դրա՝ մեր երկրում խորացել է ծայրահեղ աղքատությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը կազմվել է Ազգային վիճակագրական ծառայության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ:

Ներկայացնելով այն, զեկույցի հիմնական ցուցանիշները համակարգող, ծրագրի ավագ վիճակագիր, ԱՎԾ աշխատակից Դիաննա Մարտիրոսյանը նշեց, որ 2015-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29,8 տոկոս, այսինքն` երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը ամսական 41 698 դրամ վերին աղքատության շեմից ցածր եկամուտներ է ունեցել:

2015 թ-ին աղքատության ցուցանիշները գերազանցել են 2008-ի ցուցանիշները մարզերում և Երևանում՝ բացառությամբ Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի ու Կոտայքի մարզերի:

Ծայրահեղ աղքատության մակարդակը կրկին բարձր է Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում, իսկ Գեղարքունիքում 2015-ին աղքատության ցուցանիշը հավասարվել է 2008-ի մակարդակին:

2014 թ-ին աղքատության մակարդակը կազմել է 30 տոկոս, այդ տարվա համեմատ արձանագրվել է աղքատության մակարդակը նվազել է աննշան՝ 0,2 տոկոսով:

Դիաննա Մարտիրոսյանը նկատեց, որ թեև 2008-ից աղքատության հաղթահարմանն ուղղված բազմաթիվ քայլեր են իրականացվել, սակայն դրանց արդյունավետությունը մեծ չի եղել:

Նախորդ տարի աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 900 հազար մարդ: Շատ աղքատների թիվը՝ ներառյալ ծայրահեղ աղքատները, մոտ 310 հազար մարդ: Նրանցից մոտ 60 հազարը ծայրահեղ աղքատներն են։

2015-ին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008-ի նույն մակարդակը: 2015թ-ին աղքատության մակարդակը՝ ըստ մարզերի, վկայում է, որ աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակում՝ մոտ 45 տոկոս:

103