Բյուջե

Բյուջեն նվազում է, նախարարների լավատեսությունն` ավելանում

10
(Թարմացված է 14:11 07.11.2016)
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն այսօր ԱԺ-ում չբացառեց, որ տնտեսական աճը 2017թ-ին կարող է գերազանցել նախանշված 3.2 տոկոսը:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության բյուջեն 2017թ-ին կկազմի 2 մլրդ 930 մլն դրամ, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ 11.4 մլրդ դրամ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ 26.3 մլրդ դրամ, Քաղաքաշինության պետական կոմիտեինը՝ 5.4 մլրդ դրամ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինը՝ 791 մլն դրամ ՏՄՊՊՀ-ինը՝ 318.5 մլն դրամ, Կադաստրի պետական կոմիտեին՝ 3.9 մլրդ դրամ:

Այս տվյալներն այսօր ԱԺ-ում հրապարակեց Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը` միաժամանակ նշելով, որ բոլոր ոլորտներում բյուջետային հատկացումները նվազել են:

Նախարարները, սակայն, համոզված են, որ նույնիսկ ոչ մեծ բյուջեով իրականացնելու են իրենց առջև դրված ծրագրերը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն, օրինակ, չբացառեց, որ տնտեսական աճն իրենց բոլոր միջոցառումների իրականացման արդյունքում ավելին կլինի, քան նախատեսված 3.2 տոկոսը:

Նախարարը պատգամավորների հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտնեց նաև, որ 2017 թ-ին ՀՀ պետական պարտքի չափը կգերազանցի ՀՆԱ-ի 50%-ը: Իսկ սա, նրա խոսքով, նշանակում է, որ կառավարությունն այսուհետ պետք է զգուշավոր լինի նոր պարտքեր ներգրավելիս:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Սուրեն Կարայանը հայտնեց, որ Հայաստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում, որպեսզի վերջինս տրամադրի GSP+ միակողմանի արտոնյալ առևտրային ռեժիմ:

«Դա նշանակում է, որ եթե Չինաստանի Հանրապետությունն այդ ռեժիմը տրամադրի, ապա ՀՀ-ում արտադրված որոշակի ապրանքներ կներմուծվեն Չինաստան՝ առանց սահմանափակումների ու մաքսատուրքերի»,- ասաց նախարարը:

Իսկ թե որ ապրանքների վրա կտարածվի արտոնությունը, կորոշվի բանակցությունների արդյունքում: Լրագրողներն ու պատգամավորները Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարից հետաքրքրվեցին, նաև, թե 2017 թվականին նախարարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում ներդրումների ինչպիսի աճ է ակնկալվում: Նախարարը, սակայն, ձեռնպահ մնաց հստակ թվեր նշելուց:

10