Չուլպան Խամատովա

«Ավրորա» մրցանակի անկախ փորձագետներին է միացել Չուլպան Խամատովան

18
«Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Չուլպան Խամատովան միացել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի Անկախ փորձագետների հանձնախմբին:

ԵՐԵՎԱՆ, 7 նյեմբերի — Sputnik. Ռուսաստանցի հայտնի դերասանուհին, որը տարիներ շարունակ զբաղվում է մարդասիրական գործունեությամբ, մասնակցում է 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների նախնական դիտարկման փուլին:

Անկախ փորձագետների հանձնախումբը գործում է«Ավրորա» մրցանակի քարտուղարության կազմում: Հանձնախումբը, հավատարիմ մնալով «Ավրորա» մարդասիրական մրցանակի ընտրական չափանիշներին, ուսումնասիրում է մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները և քվեարկությամբ ընտրում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկնող 20-25 թեկնածուներին:

«Սարսափելի է կարդալ մեր օրերում տառապանքի, կյանքի ու մահվան սահմանագծում ապրող մարդկանց մասին, բայց սիրտս ջերմությամբ է լցվում, երբ ծանոթանում եմ այս անձնազոհ հերոսների պատմություններին: Նրանց գոյությունը և խիզախ ու նվիրված գործունեությունն ապացուցում են, որ ոչինչ կորած չէ, որ մարդկային կյանքը շարունակում է մնալ բացարձակ արժեք», — ասել է Չուլպան Խամատովան:

Նա հպարտությամբ է խոսել այն մասին, որ մասնակից է դառնում այս մարդասիրական շարժմանը և «Ավրորա» մրցանակի դափնեկրի ընտրության նախընտրական փուլին: Նրա խոսքով` դա շատ կարևոր և պարտավորեցնող փորձառություն է։

Անկախ փորձագետների հանձնախմբի կազմում ընդգրկվում են մարդասիրության ոլորտի առաջամարտիկներ և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ավրորա» մրցանակի նախընտրական փուլում ընտրված թեկնածուները ներկայացվում են Ընտրող հանձնաժողովին: Հանձնաժողովը գլխավորում է օսկարակիր դերասան և մարդասեր Ջորջ Քլունին: Ընտրող հանձնաժողովը «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարի 2017 թվականի փետրվարին:

Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվելու է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրություն առաջ մղելու վրա։

«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների և մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը և փառաբանելով մարդասիրությունը։

18