Շաուրմա

Հայաստանում հաջողվում է միայն «ուտելու» բիզնեսը

110
(Թարմացված է 09:04 07.11.2016)
Նելլի Դանիելյան
Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու ու դրանով աշխարհը շրջելու ծրագրեր է փնտրում, ՀՀ միջազգային գործընկերները փաստում են, որ մեր երկրում հաջողության է հասնում միայն ռեստորանային բիզնեսը:

Հայաստանյան առնվազն վերջին երեք կառավարությունները տնտեսական առաջնահերթությունների թվում անպայմանորեն նախանշել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու անհրաժեշտությունը: Առաջ են քաշվել հեռանկարային ցանկություններ` սկսած Հայաստանը սիլիկոնյան հովիտ դարձնելուց, մինչև աշխարհը շուռ տալու արքիմեդյան լծակին փոխարինող նոր գործիք հայտնագործելը:

Բայց մինչ մեր պաշտոնյաները երազում են, մեր երկրի միջազգային գործընկերները փաստում են միանգամայն կենցաղային իրողություն. Հայաստանում հաջողվում է բացառապես «ուտելու» բիզնեսը:

Արևելյան գործընկերության փոքր ու միջին ձեռնարկությունների ներդրումների ծրագիրն ամփոփել է 2009թ-ից կատարված ներդրումային ու խորհրդատվական աջակցությունների արդյունքները` ներկայացնելով արևելաեվրոպական 6 երկրում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում իրականացված ամենահաջողված ծրագրերը:

Սկսենք մեր հարևան երկրներից. Ադրբեջանում ծրագիրն աջակցել է 2001թ-ից գրքերի անհատական վաճառքով զբաղվող անհատ գործարարի, որը գրքեր էր գնում արտասահմանում և դրանք վերավաճառում Ադրբեջանում: Արևելյան գործընկերության ներդրումային ծրագրի շնորհիվ ձեռնարկատերն այժմ Ադրբեջանում հայտնի գրախանութների ցանցի սեփականատերն է: Եվրոպական խորհրդատուները ադրբեջանցու բիզնեսում նաև ՏՏ լուծումներ են ներդրել, որոնցով նա կարողանում է առցանց առևտուր կատարել և կառավարել գրապաշարները:

Վրաստանում ծրագիրն աջակցել է տեղական մի հեռուստակայանի` անալոգայինից թվային հեռարձակման անցնելու հարցում: Տեղեկատվական նոր տեխնոլոգիաների շնորհիվ այս հեռուստաալիքն այժմ, ծրագրի հեղինակների խոսքով, կարող է մրցակցել եվրոպական չափանիշներով գործող ցանկացած խոշոր հեռուստաալիքի հետ:

Ուկրաինայում ծրագիրն աջակցել է գյուղատնտեսության ոլորտի արտադրող ընկերություններից մեկին` նորացնել կոմբայնների պարկն ու ձեռք բերել ամենաժամանակակից գյուղատնտեսական տեխնիկա:

Մոլդովայում առողջապահական ծառայություներ մատուցող ընկերություններից մեկը ծրագրի շնորհիվ կարողացել է ձեռք բերել ժամանակակից բժշկական սարքեր, որոնց շնորհիվ բարելավել է իր ծառայությունների որակն ու բիզնեսը:

Բելառուսում ծրագրից օգտվել է ՏՏ ծրագրային ապահովում իրականացնող մի ընկերություն: Ֆինանսական և խորհրդատվական աջակցության արդյունքում այս ընկերության շրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է 65%-ով:

Դե, իսկ Հայաստանում ամենահաջողված փորձը, որ տեղ է գտել ծրագրի հրապարակման մեջ, «Կարաս» ռեստորանային ցանցի ընդլայնման օրինակն է: Հրապարակված տվյալների համաձայն` խորհրդատվության շնորհիվ ընկերությունը կարողացել է բարելավել մարդկային ռեսուրսների և բիզնեսի կառավարումը:

Այսպիսով, Արևելյան գործընկերության փոքր ու միջին ձեռնարկությունների ծրագիրը վկայում է, որ արևելաեվրոպական տարածաշրջանի 6 երկրից միայն Հայաստանն է, որի հաջողված բիզնեսի օրինակում ոչ մի խոսք չկա ժամանակակից տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի վերջին նորույթների ներդրման մասին: Հայաստանում, փաստորեն առանց դրա էլ հնարավոր է հասնել հաջողության, կարևորը շուկայի պահանջարկը ճիշտ հասկանալն է: Իսկ աշխարհը շուռ տալ կարելի է նաև կուշտ ուտելուց հետո, կարևորը` հարմար լծակ ու հենման կետ գտնելն է:

110