Դատարան

ՊՊԾ գնդի գրավման և Սարի թաղի դեպքերով առաջին գործերը հասան դատարան

19
ՊՊԾ գնդի գրավման և Սարի թաղի առաջին գործերն ուղարկվել են դատարան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման և Սարի թաղի դեպքերի փաստերով հարուցված քրեական գործերից մի քանիսը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Այս մասին լրագրողներին հայտնեց Վլադիմիր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ՀՔԾ վարույթում քննվող գործերից 7 անձի վերաբերյալ քրեական գործերն անջատվել են մայր գործից և առանձին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Քրեական գործով մեղադրվողների մեծ մասը, ՀՔԾ պետի տեղակալի տեղեկություններով, կալանավորված են: Մյուս գործերով նախաքննությունը շարունակվում է:

Թե ովքեր են մեղադրյալ անձինք և ընդհանրապես ովքեր են ներգրավված քրեական գործերում, Վլադիմիր Հովհաննիսյանը հրաժարվեց հայտնել: Լրագրողների դիտարկմանը, թե իրավապահ համակարգի որևէ պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել, պաշտոնյան պատասխանեց.

«Նախնական քննության տվյալները կարող են հրապարակվել բացառապես վարույթ իրականացնող քննիչի թույլտվությամբ: Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ տվյալներ հայտնելուց, հավաստիացնում եմ՝ գործով ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կատարված հանցագործությունները լիարժեք բացահայտելու, դրանք կատարած անձանց շրջանակը պարզելու և քրեական հետապնդում իրականացնելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր« զինված խումբը գրավել էր Ոստիկանության ՊՊԾ գունդը և միայն հուլիսի 31-ին զենքերը վայր դրել ու հանձնվել իշխանություններին։

19