Կարեն Կարապետյան

Վարչապետ. Օրինապահ մարդուն օդ ենք հանելու

53
Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ընթացքում ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը մի քանի հարցադրում արեց, որոնք վերաբերում են Հայաստանում աղքատության մակարդակին և ներդրումների սակավությանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում է` որո՞նք են ներդրումների աճը խոչընդոտող հիմնական պատճառները, և ինչու՞ Հայաստանում կա աղքատության բարձր մակարդակ։

«Կարճ կարո՞ղ եք ասել` ՀՀ-ում ինչու՞ են ներդրումները ֆանտաստիկ ցածր։ Լրջագույն խնդիր է աղքատությունը, այստեղ շատ են աշխատող աղքատները։ 230 հազար մարդ կա, որոնք նվազագույն աշխատավարձ են ստանում»,- ասաց Մելքումյանը։

Ներդրումների մասով Կարապետյանը պատասխանեց, որ պատճառները բազմաթիվ են։ Դրանցից նա առանձնացրեց աշխարհագրական դիրքը, պատերազմական վտանգը և երկրի փոքրությունը։ Իսկ աղքատության դեմ պայքարի միակ միջոցը, ըստ նրա, աշխատելն է։

«Աղքատության դեմ միակ պայքարը աշխատատեղ, բարենպաստ պայմաններ ստեղծելն է, որ գործարարը հնարավորություն ունենա աշխատել։ Մեր բիզնես միջավայրը հուսահատված է, ես նրանց հետ հանդիպել եմ, ժողովրդի լեզվով ասած, մեծ կրակ չեմ տեսնում։ Ստեղծելու ենք ներդրումային հիմնադրամ, որ աջակցենք ու կատալիզատորի ֆունկցիա կատարենք։ Աղքատության դեմ պետք է պայքարենք աշխատելով, դրա համար ի՞նչ պետք է անել… շնորհակալություն»,- ասաց վարչապետը։

Վերջում նա ընդգծեց` օրինապահ մարդուն օդ են հանելու, իսկ ոչ օրինապահ մարդու հետևից են գնալու։

53