Վարդան Արամյան

Կառավարության անդամներն առաջին նախագահի առաջարկը չեն ընդունում

29
Արտաբյուջետային ֆինանսների տակ թաքնված կոռուպցիան բացառելու համար ՀՀ առաջին նախագահն առաջարկել է վերացնել արտաբյուջեն։ Կառավարության անդամները հակված չեն ընդունել այս առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Արտաբյուջետային ֆինանսավորումը վերացնելը ճիշտ չի լինի։ Պատասխանելով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, նման կարծիք հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ երկու առաջարկ է ներկայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որոնցից մեկի համաձայն` պետք է վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները։

Ինչ վերաբերում է արտաբյուջեում առկա կոռուպցիոն ռիսկին, ֆինանսների նախարարը վստահեցնում է, որ նման վտանգ չկա։

«Արտաբյուջեն կառավարվում է այնպես, ինչպես բյուջետային հատկացումները, դրանում կոռուպցիոն ռիսկ լինել չի կարող»,- ասաց ֆինանսների նախարարը։

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ վստահեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին ծանոթ չէ, բայց հայտարարեց, որ արտաբյուջեն անհրաժեշտություն է։

«Օրինակ` մենք ունենք գիտական հիմնարկներ, որտեղ առանց արտաբյուջե հնարավոր չէ գիտություն զարգացնել»,- ասաց նա։

Իսկ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությունն արտաբյուջե ընդհանրապես չունի։

29