Մամուլ

Մամուլ. Անտուն Խաչատուրովը, Աբրահամյանի փարոսիկով մեքենան, Լևոն Տեր-Պետրոսյանի խորհուրդը

36
(Թարմացված է 09:36 20.10.2016)
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 20-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Խաչատուրովը «անտուն» մարդ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, պարզվում է, ո՛չ անշարժ և ո՛չ էլ շարժական գույք ունի: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է Խաչատուրովի՝ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ներկայացրած հայտարարագրից:

Փաստորեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն իր անունով տուն և ավտոմեքենա չունի: Նրա դրամական միջոցներն էլ կազմում են ընդամենը 20 հազար դոլար, 11 հազար եվրո և 7 մլն դրամ: Իհարկե, այն հանգամանքը, որ երկար տարիներ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը, մեծ ունեցվածք չունի կարող էր բնական երևույթ լինել, եթե իրականում հենց այդպես էլ լիներ: Նույնիսկ կարելի է գովել նման պաշտոնյային:

Բայց ողջ խնդիրն այն է, որ Խաչատուրովի և նրա ընտանիքի ունեցվածքների մասին Երևանում լեգենդներ են շրջանառվում: Հայաստանի ամենահարուստ մարդու համբավ ունեցող պաշտոնյան, պարզվում է, թղթերով «անտուն» մարդ է»:

«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանը հանձնել է փարոսիկով մեքենան, բայց շրջում է թիկնազորով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան ծառայություններին է վերադարձրել պաշտոնանկությունից հետո իր հետ տարած փարոսիկով՝ (լուսաձայնային միգալկաներով) մեքենան, որը ուղեկցում էր իրեն:

«Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո նա իր հետ տարել էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենաներից մեկը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մամուլի հրապարակումներից հետո նա վերադարձրել է այդ մեքենան:

Այդպիսով, այդ մեքենան այլևս չի երևում Ազատություն պողոտայում գտնվող նրա շքեղ առանձնատան բակում, բայց Աբրահամյանը շարունակում է շրջել թիկնապահների ուղեկցությամբ:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2011 թ. Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա գնել էր իր նախկին ծառայողական մեքենայի նմանությամբ մի թանկարժեք զրահապատ մեքենա»:

«Ժամանակ». Իշխանությունն ու ոչիշխանությունը ընդլայնել են «հիմնադիր» կապիտալը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել նոր հրապարակումով, որում կառավարությանը ներկայացնում է իրավիճակ փոխելու համար անհրաժեշտ երկու կարևոր քայլի առաջարկ:

Ըստ այդմ, նա առաջարկում է վերացնել նախարարությունների և այլ գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվները կոռուպցիայի ռիսկերը վերացնելու համար, և վավերացնել ապօրինի հարստացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան հոդվածը: Տեր-Պետրոսյանն իրավացիորեն արձանագրում է, որ եթե չլինի պայքար կոռուպցիայի դեմ, ապա Հայաստանում չի փոխվի ոչինչ և զգուշացնում, արդեն ոչ թե դեֆոլտով, այլ Հայաստանի ու Ղարաբաղի կորստով:

Ուշագրավ է, որ ՀԱԿ առաջնորդը ընդամենը օրերի տարբերությամբ չարագույժ տնտեսական աղետի մասին ահազանգից անցնում է կառավարությանը կառուցողական առաջարկի: Այդ տրանսֆորմացիան տեղի է ունենում նաև խորհրդարանում ուշագրավ զարգացումներին զուգահեռ: Այստեղ հայտարարվել է Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությունների և ընդդիմության, կամ այսպես ասած 4+4 ֆորմատի միջև նոր համաձայնության մասին, որ վերաբերում է ընտրակեղծիքների մասին հայտարարությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն` եթե դրանք չեն ապացուցվում:

Այդպիսով, 4+4 ֆորմատն, ըստ էության, համաձայնության է եկել չապացուցվող հայտարարությունները քրեական պատասխանատվության ենթարկելուն, եթե դրանք արվել են դիտավորությամբ: Թե ինչպես է որոշվելու դիտավորությունը, պարզ չէ, սակայն այստեղ ակնհայտն այն է, որ ընտրական խաղի կանոնների շուրջ տեղի է ունենում հերթական պայմանավորվածությունը, երբ անցյալ օրերին թվում էր, որ մինչ այդ ձեռք բերված և ոչիշխանական ուժերի շուրթերով պատմական որակված համաձայնությունը մոտենում է տապալման, իսկ Տեր-Պետրոսյանն էլ այդ ամենը գնահատել էր որպես թատրոն:

Շատ հետաքրքրական է, որ դրանից հետո, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանը թատրոն ասելով նկատի չուներ իշխանությունների հետ ԸՕ շուրջ բանակցությունը, այլ ՏԻՄ ընտրություններն ու ԿԸՀ կազմի նշանակումը:

«Հրապարակ». «Էսքան տարի վայելել եք, դե հիմա պետք է վիզ դնեք». Մարզպետներին պատին են դեմ տվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում մարզպետների փոփոխության հարցը չի փակվել, գցում-բռնում են՝ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո գնալ փոփոխությունների։ Փոխարենը մարզպետներն են ձեռուոտ ընկել, նրանցից շատերը միջնորդներ են փնտրում այլ աշխատանքի տեղափոխվելու համար։

Բանն այն է, որ ի պաշտոնե նրանք ընդգրկվելու են ՀՀԿ տարածքային կամ, այլ կերպ ասած՝ ռեյտինգային ցուցակներում, և ԱԺ ընտրությունները լակմուսի թուղթ են դառնալու բոլորի, այդ թվում՝ նրանց համար։ «Հիմա շատերն ուզում են փախչել, որ խայտառակ չլինեն՝ նշանակվեն այնպիսի տեղեր, որտեղ ընտրություններին չեն առնչվելու, իշխանությունն էլ ասում է՝ էսքան տարի վայելել եք, դե հիմա պետք է վիզ դնեք»,- ասաց մեր աղբյուրը»:

36