ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ամանորի տոներին Երևան չվերթեր իրականացնող ավիաընկերություններն ավելացնում են իրենց չվերթերի հաճախականություններն ու ուղղությունները:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունն ուսումնասիրել է, թե հատկապես որ ուղղություններն են պահանջարկ վայելում հայաստանցիների շրջանում և ինչ կարժենան այդ ուղղությունների ավիատոմսերի գները 2016թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում:
Այսպես, դեպի Բարսելոն երկկողմանի տոմսը կարժենա 362 դոլար: Համեմատության համար ասենք, որ այս պահին նույն տոմսն արժե շուրջ 480 դոլար: Հռոմի տոմսը կարժենա 301 դոլար՝ ներկայիս 490 դոլարի փոխարեն, Փարիզինը՝ 373, ներկայիս 440-ի փոխարեն, Վիեննայինը՝ 296, ներկայիս 450-ի փոխարեն, Աթենքինը՝ 356՝ 700-ի փոխարեն, Լոնդոնինը՝ 442՝ 590-ի փոխարեն, Պրահայինը՝ 349՝ 490-ի փոխարեն, Լոս Անջելեսինը՝ 747 դոլար՝ 1029-ի փոխարեն, Նյու Յորքինը՝ 536՝ 580-ի փոխարեն, Պեկինինը՝ 359՝ 673-ի փոխարեն, Դուբայինը՝ 275 դոլար, ներկայիս 359 դոլարի փոխարեն:
Հավելենք, որ այս գներով ավիատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է դրանք ամրագրել սեպտեմբերի ընթացքում, քանի որ Ամանորի տոներին մոտ դրանք շատ ավելի թանկ կլինեն:
Ամանորը արտերկրում դիմավորելու միտքը թեև գայթակղիչ է, բայց հայերիս համար, պարզվում է, տանը մնալու միտքն ավելի ընդունելի է:
Պարզելու համար, թե մեր հայրենակիցներն ինչպես են պատկերացնում Ամանորի արձակուրդը, Sputnik Արմենիան փոքրիկ հարցախույզ կատարեց: Հարցման մասնակիցներից մեկն Ամանորն ընդհանրապես չի սիրում և չի ընկալում որպես տոն, բայց և չէր էլ ցանկանա դրա առիթով մեկնել այլ երկիր: 4-ը Նոր Տարին ընդունում են զուտ որպես ընտանեկան տոն և նույնիսկ բավարար ֆինանսական ապահովության դեպքում չէին ցանկանա նշել այն հայրենիքից ու ընտանեկան օջախից հեռու:
Հարցման 5 մասնակիցները բոլորն էլ ցանկություն հայտնեցին Նոր տարին արտասահմանյան այս կամ այն երկրում անցկացնել, եթե, իհարկե, հնարավորությունները թույլ տան: Ընդ որում, տոմսերի էժանացման ցանկալի սահմանը մեր զրուցակիցների համար 30-80%-ն է, իսկ ցանկալի ուղղությունները՝ Թաիլանդը, Դուբայը, Ամստերդամը, Լոնդոնը, Նյու Յորքը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։
«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:
«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:
Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։
Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:
Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:
Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:
Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:



