Աշոտ Ահարոնյան

Երբ Անկախությունը հավասարեցվում է խցանումներին

39
(Թարմացված է 22:18 16.09.2016)
Այսօր տեղի ունեցավ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթի փորձը: Ոստիկանությունը նախապես տեղեկացրել էր որոշ փողոցներ փակելու անհրաժեշտության մասին՝ նշելով շրջանցիկ ճանապարհները:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է Երևանի փողոցների այսօրվա խցանումներին, որոնք պայմանավորված էին Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով։

«Թվում էր՝ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով պիտի վերաբերվեին ժամանակավոր դժվարություններին: Սակայն փորձը դեռ չավարտված՝ համացանցում գրառումներ հայտնվեցին, որոնց հեղինակները դժգոհում են շքերթից, ճանապարհային ոստիկանությունից և նույնիսկ… Անկախությունից»,- գրում է Աշոտ Ահարոնյանը:

Ըստ նրա` գլխավոր թիրախն, իհարկե, ոստիկանությունն է, հարցադրումը՝ այս ի՜նչ է կատարվում քաղաքում, ո՞ւր են նայում ճանապարհային ոստիկանները, ինչո՞ւ չեն կարգավորում երթևեկությունը…

«Պատասխանեմ՝ ճանապարհային ոստիկանությունը ոչ միայն կարգավորում է երթևեկությունը, այլև նախապես մշակած ծրագրով ուղղորդում է տրանսպորտային միջոցների հոսքը՝ առավելագույնս ձգտելով քաղաքի կենտրոնը զերծ պահել մեքենաների կուտակումներից, ավելին՝ ուղեկցում է զինվորական շարասյուների ու զինտեխնիկայի տեղաշարժը, համապատասխան տարածքներում կարգավորում է հետիոտնի երթևեկը, հանրությանը պարզաբանում է երթևեկության հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: Նկատի է առնվել նույնիսկ, որ կարող է օժանդակության կարիք լինել, և մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններին օգնելու են եկել մարզերի նրանց շուրջ 150 գործընկերները: Ակնկալվում էր նաև մեր համաքաղաքացիների ըմբռնումն ու օժանդակությունը:

Եվ ակնկալիքը հիմնականում կատարվեց, բացառությամբ ֆեյսբուքյան դժգոհների վերոհիշյալ խմբի, որոնք տրտնջալու առիթ են փնտրում և, ահա, ստացել երթևեկության ժամանակավոր դժվարությունների «շնորհիվ» ոստիկանությանը թիրախավորելու հնարավորություն… Թվում էր՝ այլ վերաբերմունք պիտի լիներ, թվում էր՝ կարելի է երկու ժամ համբերել, հոբելյարի տրամադրությամբ տեսնել իրողությունները, բայց… Ցավալի է: 25 տարին պետք է որ բավարար ժամանակ լիներ կարևորն անկարևորից տարբերելու, երկրի տոնին ու նաև հոգսին տեր լինելու, գոնե Անկախությունն ու Պետականությունը խցանումներին չհավասարեցնելու համար… Նշեմ, սակայն, որ սպառողական և այսպահային մտածողություն ունեցողները հանրության չնչին մասն են կազմում և չեն կարող սին տրտունջներով մթագնել մեր իսկական քաղաքացիների ու մեր երկրի տոնը»,- գրել է Ահարոնյանը։

39
Արծվիկ Մինասյան. 3 մարտի, 2021

Բացի ՍԴ դիմելուց, նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. Արծվիկ Մինասյան

0
Արծվիկ Միասնյանը կարծում է, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու օրենքի վիճարկումը նախագահի կողմից քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։

Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։

Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։

0
Министр высокотехнологической промышленности Акоб Аршакян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн

Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին

3
(Թարմացված է 17:02 03.03.2021)
Հարցն ԱԺ–ում բարձրացրեց պատգամավոր Կարեն Սիմոնյանը, շեշտեց, որ ցուցահանդեսին մասնակցելու համար 200 000 դալար գումար է ծախսվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Աբու Դաբիում կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշների շուրջ տեղի ունեցած սկանդալին։

«Ցուցանմուշները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների ընդամենը մի մասն են։ Դրանք էքսպոնատներն են, որոնք ըստ էության տեսք են տալիս ու նաև ապրանքի տեսքն են ներկայացնում ցուցահանդեսի տաղավարում։ Բայց որակումներ են հնչել, որ տաղավարը դատարկ է եղել։ Ես կարծում եմ այսպիսի որակումներից պիտի խուսափենք»,– ասաց Արշակյանը` հավելելով, որ ցուցահանդեսի բովանդակային մասը դրան մասնակցած հայկական 14 ընկերություններն ապահովել են։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հրամանով նշանակված ծառայողական քննությանը, Արշակյանը նշեց, որ այն չի ավարտվել ու խոստացավ արդյունքները տրամադրել խորհրդարանին։

Հարցը բարձրացրած պատգամավոր Կարեն Սիմոնյանը շեշտեց, որ ցուցահանդեսին մասնակցելու համար 200 000 դալար գումար է ծախսվել։

«Եվ պատասխանատվությունն այս դեպքում կրում եք Դուք, ո՞ւմ եք ուզում պատժել»,– ասաց Սիմոնյանը։

Նախարարը կրկնեց, որ մեղավորներին կբացահայտի ծառայողական քննությունը, բայց և հավելեց. «Պատճառներից են պատերազմն ու COVID-ը, որոնց պատճառով մենք ուշ ենք սկսել նախապատրաստական աշխատանքները»,– ասաց նա։

Հիշեցնենք` միջազգային ցուցահանդեսի 2-րդ օրը` փետրվարի 22-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող լուսանկարներին, ըստ որոնց ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ–ն միայն բուկլետներ է ներկայացրել, պարզաբանում էր տարածել, որտեղ ասված էր. «Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»։

Ավելի ուշ նախարարությունը նոր հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ ցուցանմուշները ուշացումով, բայց արդեն տեղ են հասել։ Սոցիալական կայքերի օգտատերերը, սակայն նկատեցին, որ ցուցահանդեսից ներկայացված տեսանյութում հայաստանյան ռազմական տեխնիկայի ոչ մի ցուցանմուշ չէր երևում։ Ցուցափեղկերին դարձյալ միայն բուկլետներ ու պլակատներ էին։

3
թեգերը:
կորոնավիրուս, Պատերազմ, սպառազինություն, ԱԺ, ռազմարդյունաբերություն, Աբու Դաբի, Հակոբ Արշակյան