ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 16-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 16-17-ը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երևանում սեպտեմբերի 16-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-17 մ/վ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի սեպտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.80C (1979 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.00C (1997 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.70C։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։
Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Աբու Դաբիում կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշների շուրջ տեղի ունեցած սկանդալին։
«Ցուցանմուշները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների ընդամենը մի մասն են։ Դրանք էքսպոնատներն են, որոնք ըստ էության տեսք են տալիս ու նաև ապրանքի տեսքն են ներկայացնում ցուցահանդեսի տաղավարում։ Բայց որակումներ են հնչել, որ տաղավարը դատարկ է եղել։ Ես կարծում եմ այսպիսի որակումներից պիտի խուսափենք»,– ասաց Արշակյանը` հավելելով, որ ցուցահանդեսի բովանդակային մասը դրան մասնակցած հայկական 14 ընկերություններն ապահովել են։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հրամանով նշանակված ծառայողական քննությանը, Արշակյանը նշեց, որ այն չի ավարտվել ու խոստացավ արդյունքները տրամադրել խորհրդարանին։
Հարցը բարձրացրած պատգամավոր Կարեն Սիմոնյանը շեշտեց, որ ցուցահանդեսին մասնակցելու համար 200 000 դալար գումար է ծախսվել։
«Եվ պատասխանատվությունն այս դեպքում կրում եք Դուք, ո՞ւմ եք ուզում պատժել»,– ասաց Սիմոնյանը։
Նախարարը կրկնեց, որ մեղավորներին կբացահայտի ծառայողական քննությունը, բայց և հավելեց. «Պատճառներից են պատերազմն ու COVID-ը, որոնց պատճառով մենք ուշ ենք սկսել նախապատրաստական աշխատանքները»,– ասաց նա։
Հիշեցնենք` միջազգային ցուցահանդեսի 2-րդ օրը` փետրվարի 22-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող լուսանկարներին, ըստ որոնց ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ–ն միայն բուկլետներ է ներկայացրել, պարզաբանում էր տարածել, որտեղ ասված էր. «Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»։
Ավելի ուշ նախարարությունը նոր հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ ցուցանմուշները ուշացումով, բայց արդեն տեղ են հասել։ Սոցիալական կայքերի օգտատերերը, սակայն նկատեցին, որ ցուցահանդեսից ներկայացված տեսանյութում հայաստանյան ռազմական տեխնիկայի ոչ մի ցուցանմուշ չէր երևում։ Ցուցափեղկերին դարձյալ միայն բուկլետներ ու պլակատներ էին։


