Սարի թաղ

Թե ինչ կլինի լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների հետ

26
Սարի թաղում լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների, նրանց օրինական աշխատանքը խոչընդոտող ոստիկանները կա՛մ կդատվեն, կա՛մ նրանց նկատմամբ հետապնդումը կդադարեցվի: Այսօր ԱԺ-ում այս երկու հնարավոր տարբերակն է ներկայացրել Արթուր Դավթյանը:

ՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik.Սարի թաղում լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների դեպքերով իրականացվելու է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն: Այսօր Ազգային ժողովի ամբիոնից, պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, հայտարարեց ՀՀ գ;խավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ վստահեցնելով, որ միջադեպերի բոլոր մասնակիցների արարքներին կտրվեն լիարժեք գնահատականներ:

«Ի վերջո, մենք հանգելու ենք մի փուլի, երբ կա՛մ դատի ենք տալու ոստիկանության աշխատակիցներին, կա՛մ եթե չհիմնավորվի, հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ ենք կայացնելու»,- ասաց նա:

Արթուր Դավթյանը նաև խոստացավ հետագայում այս դեպքերը գնահատել արդեն գլխավոր դատախազի դիրքից:

Պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, վկայակոչելով համացանցում առկա լուսանկարներն ու տեսանյութերը, նշեց, որ լրագրողների նկատմամբ բռնարարքներ են իրականացրել նաև քաղաքացիական հագուստով «բանդաներ»՝ գլխավոր դատախազի թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչպես է պատրաստվում պայքարել դրանց դեմ ու կանխել հնարավոր այլ բռնությունները:

Ի պատասխան Արթուր Դավթյանը խոստացավ օբյեկտիվ նախաքննություն իրականացնել՝ վստահեցնելով, որ հասարակությունը հետագայում գնահատական տալու առիթ կունենա:

Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողները տուժել էին հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացու փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով։
Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։
26