Լոգոտիպը դուր չի եկել հասարակությանը, ավելին, հանրությունը զարմացած է՝ ինչո՞ւ է այդ լոգոտիպի համար 400 հազար դոլար ծախսվել։
Հայաստանի բրենդի ստեղծման գաղափարը ավելի վաղ հասցրել էր առաջացնել բոլորի դժգոհությունը, քանի որ շատերին անհասկանալի էր, թե ինչո՞ւ սոցիալ-տնտեսական չլուծված մի շարք խնդիրներ ունեցող երկիրը բրենդի ստեղծման վրա 400 հազար դոլար է ծախսում։
Հայաստանի բրենդավորման մասին որոշումը կառավարությունն ընդունել էր 2014 թվականին, բրենդինգի ռազմավարության մշակման համար ընտրվել էր ամերիկյան GK Brand ընկերությունը։
Նոր լոգոտիպը պատրաստ էր 2015 թվականին, սակայն միանգամից շատ բացասական զգացմունքներ առաջացրեց դիզայներների և հասարակության մեջ։ Հետո կրքերը հանդարտվեցին և կրկին թեժացան 2016 թվականի հուլիսին՝ Վազգեն Քալաջյանի հրապարակումից հետո, որը Հայաստանը ներկայացրել էր «Հավերժ արև» բրենդային լոգոտիպով։
Անշուշտ, բրենդի ստեղծումը վատ գաղափար չէ. չէ՞ որ յուրաքանչյուր երկիր աշխարհում իր «դեմքն» ունի։ Դա երկիրը ճանաչելի է դարձնում։
Տարբեր երկրների իշխանությունները պատրաստ են խոշոր գումար ծախսել, որպեսզի հեղինակը ստեղծի հիշվող լավագույն բրենդը, որը կդառնա տվյալ պետության այցեքարտը, օրինակ, ինչպես կանադական թխկու տերևն ու ճապոնական արևը։
Մի լոգոտիպի պատմություն
Առաջին հերթին, լոգոտիպը պետք է միտք ունենա, իր մեջ փիլիսոփայություն ու կոնցեպցիա պարունակի, և, ի վերջո, դառնա այն խորհրդանիշը, որը կսիրի ժողովուրդը։ Այդ երկիրը չպետք է ամաչի հենց այդ նշանով ներկայացնել հայրենիքը երկրից դուրս։
Հայ դիզայներները, մշակույթի և արվեստի գործիչները կրկին բարձրացնում են այն հարցը, թե այդ լոգոտիպը Հայաստանի և հայերի հետ ոչ մի կապ չունի։

Նրանց կարծիքով, բրենդը պետք է համապատասխանի մշակույթին, պատմությանը, դրանք արտացոլի նյութական և հոգևոր արժեքների միջոցով։
Լոգոտիպը պետք է գրավի արտասահմանյան զբոսաշրջիկներին և ոչ թե՝ վախեցնի։
Եթե խոսենք պրոֆեսիոնալ լեզվով, երկրի լոգոտիպը, ի տարբերություն պետական դրոշների, ավելի հաճախ աշխարհագրական առանձնահատկություններ կամ զբոսաշրջային արժեքներ են պարունակում, այլ ոչ թե առանձին պատմական խորհրդանիշներ։
Հայ դիզայներներն ու նկարիչները կարծում են, որ Հայաստանի գլխավոր խորհրդանիշը կարող է դառնալ Արարատ լեռը։ Մինչդեռ, մեր երկրի՝ ներկայացվող լոգոտիպը սարսափելի և պրիմիտիվ տեսք ունի։ Անհասկանալի է, թե ինչպես կարող էր հեղինակը այդքան մեծ գումարի դիմաց թղթի վրա այդ աստիճան անհասկանալի նկար պատկերել։
«Հայաստան։ Պատմությունը նոր է սկսվում»
Գաղափարի հեղինակները պնդում են, որ լոգոյի վրա արև է պատկերված, որը հավերժություն է խորհրդանշում։ Ինչպես հայտնի է, ամեն հանճարեղ բան հասարակ է, սակայն սա այդ դեպքը չէ։
Իհարկե, սպասվում էր, որ այդ գումարով մեզ ամենաքիչը հայտնի մաեստրո Վինսենթ Վան Գոգի «Աստղազարդ գիշեր» կնկարեն։
Ուզում էին լավ գործ անել, բայց ստացվեց՝ ինչպես միշտ։
Լոգոն հիշեցնում է ժամանակակից դեմոտիվատորները «սպասում» և «իրականություն» գրառումներով։ Կարծես թե դու մի շքեղ զգեստ ես պատվիրել ինտերնետ-խանութում, իսկ քեզ գիշերազգեստ են առաքել։
GK Brand Tribe Globa գործադիր տնօրեն, բրենդային հարցերով մասնագետ Վազգեն Քալաջյանը նշել է, որ դիզայներներն իրենց առջև նպատակ էին դրել` փոխանցել զարմանահրաշ երկրի էությունը։

«Չափազանց կարևոր է երաշխավորել, որ բրենդն ամբողջությամբ կներկայացնի երկրի ներուժը, ինչպես նաև նրա հարուստ պատմությունը, ավանդույթները և ժողովրդի անսանձ ուժը», — ասել է նա։
Հարց է առաջանում՝ ի՞նչն է այս պատկերում պատմում Հայաստանի և նրա ավանդույթների մասին։
Բացի այդ, մտորելու տեղիք է տալիս նաև պատկերի վրա արված "The Story is Just Beginning" (Պատմությունը նոր է սկսվում) գրությունը… Պատմություն՝ ինչի՞ մասին։
Ինչպես արդարացիորեն նկատել է էկոնոմիկայի նախարարը, նման կարգախոսը որևէ կապ չունի Հայաստանի բազմադարյա պատմության հետ։ Այն ավելի շատ ուղղված է մարդկանց, ովքեր երբեք մեր երկրում չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։
«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։
«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` ի պատասխան հարցին, թե շատ զինվորականներ ասում են, որ բանակի կողքին են և միանում են գլխավոր շտաբի հայտարարությանը։
Նշենք, որ Մակարյանն այն չորս պաշտոնյաներից մեկն է, որոնք չեն միացել ԳՇ–ի հայտարարությանը։ Անդրանիկ Մակարյանն այսօր այցելել էր Եռաբլուր` ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։
«Ես չեմ մեկնաբանելու ոչինչ, չեմ մեկնաբանելու ԳՇ–ի հայտարարությունը»,–ասաց Մակարյանը։
Ի պատասխան լրագրողի նկատառմանը, թե չի՞ կիսում ԳՇ–ի մոտեցումը, որ չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը լրագրողին հարցրեց` նա ԶԼՄ–ների կողքի՞ն է, թե ոչ։ Ստանալով դրական պատասխան` Մակարյանն ինքն էլ հավելեց, թե հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են ու բանակի կողքին։
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` Անդրանիկ Մակարյանը չի միացել այդ հայտարարությանը, քանի որ նրա գործողությունների մասով կա հարուցված քրգործ, որը առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը չմիացած 4 պաշտոնյաներն են Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ԶՈւ սպառազինության պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։


