Ռալֆ Յիրիկյան

Յիրիկյանը բացում է փակագծերը. Հայաստանի և Արցախի միջև ռոումինգը չի վերացվի

43
Արցախ կարելի է զանգահարել ցածր սակագներով, բայց ռոումինգն ամբողջությամբ չեղյալ չի հայտարարվի

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հայաստանի և Արցախի միջև ռոումինգը չեղյալ չի հայտարարվի։ Այդ մասին լրագրողներին ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նրա խոսքով` իրենք որքան էլ ցանկանան, ռոումինգի սակագները չեն կարող իջեցնել, քանի որ այդ քայլով կվնասեն մյուս օպերատորներին։ Հարկ է նշել, որ այս պահին օպերատորները բանակցություններ են վարում Հայաստանի և Արցախի միջև սակագները նվազեցնելու համար ուղիներ որոնելու շուրջ։

«Կա հարկային կարգ, եկամտային հարկ, կա ծախսի կարգ, կա բիզնես, ամեն ինչ հաշվի է առնվում։ Մենք ամենախոշոր հարկատուն ենք այս երկրում։ Մենք հարկ ենք վճարում, և մեր հարկից է, որ ծախսվում է զինվորի վրա։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է ասել, որ «ՎիվաՍելն» անտարբեր է զինվորի հանդեպ»,- լրագրողներին ասաց Յիրիկյանը։

Նա նաև նշեց, որ ընկերությունը որոշակի ծրագրեր է իրականացնում հայ զինվորներին օգնելու համար, բայց մանրամասներ չի հայտնի։ Ըստ նրա` Հայաստանի և Արցախի միջև ռոումինգը չեղյալ հայտարարելը կխախտի միջազգային օրենքը։

«Եթե մենք ռոումինգը հանենք և Արցախը Հայաստանի մաս համարենք, մենք կխախտենք միջազգային օրենքը և կզրկվենք միջազգային բջջային կազմակերպության լիցենզիայից, անմիջապես կկորցնենք մեր անդամակցությունը»,- նշեց Յիրիկյանը։

Յիրիկյանի խոսքով` դեռ 2005թ.-ին, երբ ՎիվաՍելը Հայաստանում գործունեություն ծավալելու արտոնագիր է ստացել, իրեն զգուշացրել են, որ Հայաստանի և Արցախի միջև ռոումինգը վերացնելն անհնար է։

43