Գյուղական տարածք

Պատգամավորները քննարկում են համայնքների խոշորացման հարցը

16
(Թարմացված է 16:42 15.06.2016)
Բարեփոխումները նպատակ ունեն ավելացնել տարածքային կառավարման արդյունավետությունն ու պահպանել ֆինանսական միջոցներ, ասաց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է 118 համայնքը միավորել 15-ում։

Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը։

«Մենք հիմա Ազգային ժողովին ներկայացրել ենք նոր փաթեթ վարչատարածքային փոփոխությունների, որոնք ընդգրկում են Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերը», — ասաց Տերտերյանը։

Նրա խոսքով` 1995-1996 թթ. Հայաստանում իրականացվել է վարչատարածքային բաժանում, որը համապատասխանել է այն ժամանակվա պահանջներին, պատկերացումներին, մարտահրավերներին, իսկ այսօր « մենք ունենք բոլորովին այլ իրավիճակ և՛ պետական կառավարման, և՛ տեղական ինքնակառավարման, և՛ ընդհանրապես կառավարման համակարգերում»։

Նա վստահություն հայտնեց, որ վարչատարածքային բարեփոխումները կառավարման արդյունավետության ու ֆինանսների տնտեսման կհանգեցնեն։

Տերտերյանը նաև նշեց, որ բարեփոխումը պետք է ընդլայնի համայնքների տնտեսական հնարավորությունները։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ այդ համայնքների բնակիչներից շատերի կարծիքը չեն լսել, ինչպես նաև հանրաքվե չի անցկացվել, ինչը պահանջում է միջազգային օրենսդրությունը (տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիա)։

ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանն իր հերթին նշեց, որ պետք էր սպասել փոփոխությունների արդյունքներին ավելի վաղ միավորված համայնքներում (Սյունիքում և Տավուշում), որից հետո բարեփոխումներ իրականացնել մյուս տարածքներում։

16