Բունդեսթագ

Բունդեսթագի նախագահի խիստ հայտարարությունը` Էրդողանի հասցեին

102
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հինգշաբթի օրվա նիստը բացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղղված խիստ հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ թուրքական ծագում ունեցող գերմանացի պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, պետք է արյան թեստ հանձնեն, քանի որ նրանց ծագումը կասկած է հարուցում:

«Մասամբ ատելությամբ լցված սպառնալիքներ… հնչեցվել են, ցավոք, այդ թվում նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում: Այն, որ 21-րդ դարում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը գերմանական Բունդեսթագի ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների հասցեին իր քննադատությունը կապում է նրանց թուրքական ծագման հարցում կասկածների հետ, նրանց արյունը «փչացած» է որակում, ես անհնարին էի համարում»,- ասել է Լամերտը՝ դահլիճում օվացիա առաջացնելով, որտեղ ներկա է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Լամերտի խոսքով՝ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են մասնակցել քննարկումների և քննադատության ենթարկվել, բայց «յուրաքանչյուր ոք, ով փորձում է սպառնալիքների միջոցով ճնշում գործադրել առանձին պատգամավորների վրա, պետք է իմանա, որ նա հարձակվում է ողջ խորհրդարանի վրա»:

Նա ընդգծելել է, որ Բունդեսթագը «համապատասխան կերպով կարձագանքի դրան»՝ օրենքով իր ենթակայության տակ գտնվող գործիքների օգնությամբ:

«Ես ընդգծում եմ մեր ինքնին ակնհայտ համերաշխությունը բոլոր գործընկերների հետ, որոնք իրենց քաղաքական գործունեության առնչությամբ սպառնալիքների կամ ճնշման են ենթարկվում»,- ասել է Բունդեսթագի ղեկավարը:

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել են հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, պատգամավորներից միայն մեկն է դեմ քվեարկել, մեկն էլ` ձեռնպահ:

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

102