Арам Атешян

Անպատվություն ու աղախնի պահվածք. Թուրքահայ խմբագիրը` Էրդողանին նամակ գրած հոգևորականի մասին

125
(Թարմացված է 12:49 09.06.2016)
Նման հայտարարությունների դեպքում միշտ պետք է հիշել, որ դրանք որոշակի ճնշումների հետևանք են, Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրած նամակը, ասել է «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Արամ Աթեշյանի հայտարարությունը դավաճանություն է, քանի որ Թուրքիայի հայությունը, ինչպես ամբողջ աշխարհի հայությունը քաջ գիտակցում է 1915թ.-ին տեղի ունեցած դեպքերի նշանակությունը, հետևաբար որևէ տարակարծություն չի կարող ունենալ Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշման հետ,- Sputnik Արմենիային ասաց «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը` «անպատվություն» որակելով հայ հոգևորականի արարքը:

Ավելի վաղ Աթեշյանը նամակ էր ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որում դատապարտել էր Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևը։

«Այս ամենը գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ, մեզ համար իսկապես նվաստացուցիչ է»-ասում է խմբագիրը:

Թուրքահայերի պատիվը պահելու համար «Ակոս» թերթում հրապարակվել էր պատասխան նամակ, որտեղ Արամ արքեպիսկոպոսի պահվածքը գնահատվել է որպես «աղախնի վերաբերմունք», որը խոնարհվում է չարիքի դիմաց:

«Այս իշխանությունների հաջողության համար աղոթելն ինքնին մարդկային հանցանք է, որը կատարում է Արամ արքեպիսկոպոսը»,- նշեց Էստուկյանը` ավելացնելով, որ Թուրքիայի ներկա իշխանությունները ոչ այլ ինչ են, քան հանցագործներ ու բռնակալներ:

Անդրադառնալով Թուրքիայի իշխանություններին ծառայող հայ հոգևորականի նկատմամբ թուրքահայերի վստահության հարցին` Էստուկյանը նշեց, որ մինչ այդ էլ Արամ Աթեշյանը Թուրքիայի հայ համայնքի կողմից չէր ընկալվում որպես հայ պատրիարք։

«Նա այս փոթորկոտ օրերին նշանակված փոխանորդ է, որը երբեք ժողովրդի համակրանքը չի վայելել»,- ասաց «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիրը:

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել են հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, պատգամավորներից միայն մեկն է դեմ քվեարկել, մեկն էլ` ձեռնպահ:

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

 

125