Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյան. Հավատում եմ հակամենաշնորհային ծրագրին, որովհետև ես էլ եմ իշխանություն

29
(Թարմացված է 16:35 26.05.2016)
Կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտնեց, որ Հայաստան ներմուծվող բոլոր ապրանքատեսակների մասով ստեղծվելու են հուշաթերթիկներ։ Գործընթացը միտված է մենաշնորհի դեմ հայտարարված ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի-Sputnik. Էկոնոմիկայի նախարարությունում առանձնացրել են 10 անուն ապրանքատեսակ, որոնք մենաշնորհային ոլորտներ են դիտարկվում հանրության ու մասնագիտական շրջանակների կողմից։ Դրանց թվում են` կարագը, շաքարավազը, բենզինը, ալյուրը, թռչնի միսը, բանանն ու ցիտրուսային մրգերը։

«Կազմել ենք այդ հուշաթերթերը, ուղարկել ենք ՊԵԿ և սննդի անվտանգության ծառայություն իրենց համաձայնությունն էլ ստանալու համար։ Եթե ստանանք այսօր-վաղը, մինչև շաբաթվա վերջ կտեղադրենք էկոնոմիկայի նախարարության կայքէջում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նախարարի խոսքով` կհրապարակվեն ընկերությունների անունները, նաև այն տվյալները, որոնք խաթարում են մրցակցությունը։ Լրագրողների այն հարցին, թե ինչու են հենց հիմա նախաձեռնել մենաշնորհի դեմ պայքարը, նախարարը պատասխանեց.

«Փոխանակ բոլորս միավորվենք ու քաղաքականությունը կյանքի կոչենք, սկսում ենք քննադատել, թե նախկինում ինչու չէիք անում»։

Հաջորդ հարցին` դուք հավատու՞մ եք հակամենաշնորհային ծրագրին, Մինասյանը պատասխանեց` ոչ միայն հավատում եմ, այլև պայքարում հանուն դրա։

«Որովհետև ես էլ եմ իշխանություն»,-ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 21–ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ երկու շաբաթից կառավարությունը ճանապարհային քարտեզ է ներկայացնելու՝ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, պետական ծախսերը կրճատելու վերաբերյալ։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հակամենաշնորհային հանձնաժողովը պետք է հետամուտ լինի և գործիքներ կիրառի լիազորությունները գերազանցող տնտեսվարողի նկատմամբ: Նրա խոսքով՝ բոլոր մեխանիզմները կան, միայն պետք է հետամուտ լինել այդ ամենն իրականացնելու համար:

29