Ивета Мукучян

Ընկերոջ խոստովանությունը. The Beautified Project խմբի ղեկավարն Իվետա Մուկուչյանի մասին

1030
(Թարմացված է 10:20 16.05.2016)
Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում զբաղեցրեց 7-րդ տեղը` հրաշալի կատարելով LoveWave երգը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Երգչուհի Իվետա Մուկուչյանի խիզախության, գեղեցկության և տաղանդի մասին խոսում են ամբողջ աշխարհում, հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում նա է ներկայացնելու Հայաստանը:

Այն մասին, թե ինչպիսին է Իվետան իրական կյանքում, Sputnik Արմենիային պատմեց The Beautified Project խմբի մենակատար և հիմնադիր Անդրե Սիմոնյանը: Նա հիշեց նաև մի հետաքրքիր և զավեշտալի պատմություն` կապված իր և Իվետայի հետ։

««Հայ Սուպերսթար» նախագծից հետո շատ էինք հոգնել, հատկապես` մարդկանց ուշադրությունից: Այդ ժամանակ Գերմանիայից Հայաստան եկան Իվետայի քույրն ու նրա մտերիմ սևամորթ ընկերուհին, որը Իվետայի նման մոդելային արտաքին ունի», — պատմեց Անդրեն:

Իվետայի նախաձեռնությամբ` երեք աղջիկներից և արական սեռի մեկ ներկայացուցչից բաղկացած խումբը որոշեց գնալ քաղաքից դուրս` Գառնի:

«Մենք իջանք գետի մոտ և պիկնիկ կազմակերպեցինք: Սակայն մեր բախտը չբերեց: Միանգամից ուժեղ անձրև սկսվեց, և մենք անելանելի վիճակում հայտնվեցինք, քանի որ գետի ջուրը սկսեց բարձրանալ: Մենք չէինք կարողանում գետի մյուս ափն անցնել», — պատմեց Անդրեն։

Նա ավելացրեց, որ ինքն ու աղջիկները սկսեցին «փրկության» ճանապարհ փնտրել, երբ նկատեցին, որ գետի մյուս ափով բեռնատար մեքենա է անցնում: Պարզվեց` Գառնիի բնակիչներն էին, ովքեր տեսել են «օրվա հերոսներին» և միանգամից շտապել օգնության:

«Իհարկե, մենք թրջվել էինք, բայց շատ ծիծաղելի էր: Ինձ երեք աղջիկներով շրջապատված տեսնելով, հատկապես հաշվի առնելով, որ նրանցից մեկը սևամորթ էր, իսկ մյուսը` Իվետան, վարորդները զարմացել էին: Հետաքրքրվեցին, թե ինչպես ենք հայտնվել կիրճում` այս դժվարանցանելի վայրում: Հետո մեզ օգնեցին անցնել գետի մյուս կողմը: Իվետան մեզ հետ նստեց բեռնատարի թափքում, որպեսզի հասնի մոտակա կանգառ, քանի որ բեռնատար մեքենայում տեղ չկար», — պատմեց Անդրեն:

Այսպես էլ փրկվեց ճանապարհորդների քառյակը:

Ивета Мукучян на конкурсе Голос.Германия
Իվետա Մուկուչյանը «Ձայն. Գերմանիա» մրցույթում

«Եվրատեսիլ 2016»-ի աստղի հետ ծանոթությանն անդրադառնալով` Անդրեն ասաց` շատ ուրախ է, որ ճակատագրի բերումով ինքն ու Իվետա Մուկուչյանը հանդիպեցին:

«Նա Հայաստան եկավ 2009 թվականին: «Հայ Սուպերսթար» նախագծի ավարտից հետո մենք լավ ընկերներ դարձանք: Շատ հավատարիմ մարդ է: Առաջին հերթին Իվետան նվիրված է իր մասնագիտությանը, միշտ ամեն ինչ կատարելության է հասցնում», — պատմեց երաժիշտը:

Անդրեն կարծում է, որ Իվետան այն եզակի բացառություններից է, երբ երգչուհին նաև 100% շոուվումն է:

«Նա հրաշալի շարժվում է, բեմում իրեն հիասքանչ է պահում, բեմական կերպարը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Գուցե պատճառն այն է, որ երկար տարիներ ապրել է Եվրոպայում: Հայաստանում քիչ են այն երգիչները, ովքեր կարողանում են այդպես գրագետ իրենց մատուցել բեմի վրա: Բացի այդ, նա հրաշալի պարում է», — ասաց Անդրեն:

Sputnik Արմենիայի զրուցակիցն ավելացրեց, որ բացի այս ամենից, Իվետան բավական անկեղծ և ճշմարտասեր անձնավորություն է:

Ивета Мукучян на Ай Суперстар
ShantTV
Իվետա Մուկուչյանը «Հայ Սուպերսթար» մրցույթում

«Նա բարի հայուհի է, սակայն նրա անկրկնելի, փայլուն իմիջի տակ դժվար է նկատել նրա անկեղծությունն ու մաքրությունը: Ինձ թվում է, որ այդ մրցույթին մասնակցելու համար Իվետան ամենաարժանի և ճիշտ թեկնածուն էր: Նա հրաշալի ելույթ ունեցավ կիսաեզրափակիչ փուլում: Շատ բարդ երգ էր ընտրված, բայց նա շատ լավ երգեց` գերազանց կատարելով ամենաբարձր նոտաները», — նշեց երգիչը:

Երաժիշտն ավելացրեց, որ եթե «Եվրատեսիլ 2016»-ին քվեարկեր միայն պրոֆեսիոնալ ու անաչառ ժյուրին, հայ մասնակիցը լավագույն տեղը կզբաղեցներ:

 

 

 

1030