чип компьютер микросхема технологии

ՏՏ ձեռնարկությունները կօգնեն Զինված ուժերին

35
«Դիջիթեք» ամենամյա բիզնես–ֆորումի գլխավոր թեման կլինի ռազմաարդյունաբերական համալիրի համալրման և արդիականացման հարցը։ Համաժողովն անցկացվելու է Երևանում հունիսի 17-18-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. «Դիջիթեք» ամենամյա բիզնես-ֆորումի գլխավոր թեման կլինի Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման խնդիրներին լուծումներ գտնելը։ Թեման արդիական է դարձել հատկապես Ղարաբաղյան հակամարտության ապրիլյան թեժացումից հետո։

«Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով` հանձնաժողով է ձևավորվել, որի կազմում ընդգրկվել են Հայաստանի ԶՈՒ-ի և ՏՏ ձեռնարկությունների ներկայացուցիչները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը։

Առաջիկա համաժողովի ժամանակ կքննարկվեն արդիական խնդիրների լուծման ուղիները, մասնավորապես` հակառակորդի գործողությունների կասեցումը տվյալ ոլորտում։ Վարդանյանի խոսքով` նախատեսվում է նոր սպառազինություն գնել, հինն էլ` արդիականացնել։ Բացի այդ, քննարկվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները ռազմարդյունաբերության ոլորտում, գնահատվելու է առկա ներուժը։

«Պետք է պատասխանել այն հարցին, թե ինչ ռազմական արդյունաբերություն ենք մենք ուզում ունենալ 15-20 տարի հետո, ու ինչ է պետք դրա համար անել հիմա: Մենք հույս ունենք, որ Հայաստանի ԶՈւ ներկայացուցիչները ակտիվ կմասնակցեն այդ քննարկումներին, ու ֆորումն ավարտելուց հետո մենք ավելի լավ կողմնորոշված կլինենք, թե ինչպես ապագայում կատարելագործենք այդ ուղղությամբ մեր աշխատանքը»,- ասաց Վարդանյանը։

Էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին կարևորում է այն ներդրումները, որոնք պետք է արվեն երկրի նորարար համակարգի ձևավորման գործընթացն արագացնելու համար։

«Նոր տեխնոլոգիաների ներդրումն արդիական է Հայաստանի համար։ Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք բիզնեսն ու գիտելիքները միավորելու համար», — ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։

Համաժողովի մասնակիցները նշել են, որ հայ գործարարները Նյու Յորքում նախատեսված ներդրումային խորհրդաժողովի ժամանակ կփորձեն խոշոր ներդրողների ներգրավել։

 

 

35