Борьба с преступностью

Մաքսանենգները քրեական պատասխանատվության չե՞ն ենթարկվի

20
(Թարմացված է 17:04 11.05.2016)
ԱԺ–ն քննարկում է նախագիծ, որի համաձայն «մաքսանենգության» մասին հոդվածը քրեական պատասխանատվությունից կտեղափոխվի վարչական պատասխանատվության դաշտ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Կառավարության նիստում ներկայացվել է «Հարկերի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն` մաքսանենգ գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռվի փոխհատուցել հասցված վնասը։

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով`  փոփոխությունները պայմանավորված են այն պարտավորություններով, որոնք երկիրը ստանձնել է ԵՏՄ-ին անդամակցելու շրջանակում։

«Հիմնական մոտեցումն այն է, որ առաջարկվում է Հայաստանի ՔՕ 215-րդ հոդվածը («մաքսանենգության մասին») հանել քրեական ոլորտից։ Նշանակում է, որ օրենսդրական փաթեթն ընդունելուց հետո տնտեսվարող սուբյեկտները, որոնք այս կամ այն պատճառով ապրանքը ներմուծելու ժամանակ խախտել են մաքսային օրենքները, քրեական հետապնդման չեն ենթարկվի», — ասաց Միրումյանը։

Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ քրեորեն պատժելի չեն լինի ոչ միայն ոչ միտումնավոր սխալները հայտագրերում, այլև միտումնավոր խախտումները, այդ թվում ներմուծումը՝ մաքսային հսկողության կանոնների շրջանցումով: Այդ դեպքերի համար առաջարկվում է վարչական պատասխանատվության ենթարկել: Ու միայն եթե սուբյեկտները հրաժարվեն փոխհատուցել պետության վնասը, կկիրառվի քրեական պատիժ (ՔՕ 205 հոդված):

Այս օրինագիծը չի վերաբերում թմրանյութերի, հոգեմետ դեղերի, ռադիոակտիվ նյութերի, զենքի ներկրմանը, ինչպես նաև թույլատրելի առավելագույն չափով կանխիկ գումարների ներմուծմանը։

Օրինագծի համաձայն`քրեական պատասխանատվության չի ենթարկվի առգրավված գույքի օգտագործումը, եթե այն 500 հազար դրամից պակաս է գնահատվում։

 

20