Резиденция президента НКР. Степанакерт

Հայաստանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը, բայց` դե ֆակտո

48
(Թարմացված է 14:50 11.05.2016)
ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ ԼՂՀ–ն դե ֆակտո ճանաչված է ոչ միայն Հայաստանի, այլ նույնիսկ Ադրբեջանի կողմից

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայաստանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը, բայց միայն` դե ֆակտո։ Իսկ դե յուրե կճանաչի, եթե խափանվի բանակցային գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին ՀՀ իշխող կուսակցությունների ներկայացուցիչները։

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը համաձայն չէ այն ձևակերպման հետ, թե Հայաստանը դեռևս որևէ ձևով չի ճանաչել ԼՂՀ-ն։

«ՀՀ-ում գործում է ԼՂՀ ներկայացուցչությունը` դիվանագիտական նույն իրավունքներով և կարգավիճակով, ինչ ԱՄՆ դեսպանությունը։ Երկու երկրների միջև կան ստորագրված պայմանագրեր, նախագահներն իրար «նախագահ» են դիմում։ Ասել, որ Հայաստանը չի ճանաչել, այնքան էլ ճիշտ չէ։ Ասել, որ Հայաստանը տեղ ունի ճանաչելու, դա փաստ է»,- ասաց Կիրո Մանոյանը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ կարծիք հայտնեց, թե ԼՂՀ-ն դե ֆակտո ճանաչված է և ոչ միայն Հայաստանի, այլ նույնիսկ Ադրբեջանի կողմից։

«1994թ-ին Ադրբեջանը ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ ստորագրել է եռակողմ պայմանագիր, դե ֆակտո ճանաչված է ՄԽ համանախագահների կողմից, որոնք պետական մարմինների ներկայացուցիչներ են և պարբերաբար հանդիպում են ԼՂՀ իշխանությունների հետ` անկախ նրանից, թե ինչ դիվանագիտական ձևակերպում է դրան տրվում»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու գործընթացի հնարավոր զարգացումներին, Աշոտյանը երկու հնարավոր տարբերակ է նախանշում` խաղաղ բանակցությունների և ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջոցով, և երկրորդ` եթե Ադրբեջանը դիմի իրական լայնածավալ ագրեսիայի, որը վերջնականապես կվիժեցնի բանակցային գործընթացը։

Ըստ նրա` Հայաստանը ԼՂՀ-ի անկախությունը կարող է ճանաչել, «երբ չմնա որևէ բանակցային գործընթացի հնարավորություն, երբ միջազգային գործընկերների ջանքերը փաստվեն որպես ապարդյուն. խոսքը ադրբեջանական կողմի վրա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների քաղաքական և այլ ճնշումների մասին է»։

Մանոյանի կարծիքով` այս իրավիճակը երկար ձգվել չի կարող։

«Եթե հանկարծ Ադրբեջանը դարձյալ ինչ-որ ռազմական գործողություն սանձազերծի, սպասելու ոչ մի անհրաժեշտություն չկա»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը` միաժամանակ հավելելով, որ այսօր ԼՂ ճանաչումից շատ ավելի կարևոր է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրումը։

 

 

48