Российская тяжелоатлетка Татьяна Каширина

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի նոր էջը

24
(Թարմացված է 18:53 17.04.2016)
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային չեմպիոնն է: Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականը 449 միավորով և 5 ոսկե, մեկ արծաթե մեդալով դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփել է առաջնությունը և խոսել հետագա անելիքների մասին:

«Մենք դեռևս Հայաստանում մտադրություն ունեինք թիմային մասնակցություն ունենալ Եվրոպայի առաջնությանը: Հիմա վստահ կարող եմ ասել, որ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի համար նոր էջ է գրվում: Հենց թիմային պայքարն էր, որ մեզ տվեց այս հաղթանակը: Խոսելով Աննա Գովելյանի մասին, ով առաջինը սկսեց պայքարը, կարող եմ ասել, որ գոհ եմ նրանից: Նրա մոտ ստացվեց այն, ինչ ուզում էինք: 58 կգ քաշային կարում մի քիչ դժգոհ եմ Իզաբելլա Յայլյանից: Նա ֆիզիկապես պատրաստ էր 3-րդ 4-րդ տեղի համար պայքարելու»,- նշել է Արտաշես Ներսիսյանը:

Քրիստինե Պետրոսյանի, Արփինե Դալալյանի և Սոնա Պողոսյանի մասին էլ նշել է. «Քրիստինեն հաջող հանդես եկավ և կարողացավ լավ միավորներ տալ թիմին: Սոնան, ով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իրավունք ուներ լինել 5-րդ տեղում: Նա դեռ փոքր է և նոր է տեղափոխվել երիտասարդների տարիքային խումբ: Մեր Արփինեն արեց այն ինչ կարող էր, բայց հրում վարժությունում ունակ էր մեդալակիր դառնալու»:

Իսկ Նազիկ Ավդալյանի ու Հռիփսիմե Խուրշուդյանի ելույթներն էլ, մարզչի խոսքով, անչափ գոհացուցիչ են եղել, «արեցին այն, ինչ ուզում էինք»:

Արտաշես Ներսիսյանի կարծիքով՝ այս մակարդակը պահպանելու համար պետք է մարզերում, երկրի շատ քաղաքներում տեսնեն այս ամենը և հավատան, որ աղջիկները կարող են Եվրոպայի առաջնությունում հաղթել: Հավաքագրել է պետք աղջիկների:

«Եթե ուժեղ է, ապա պետք իրեն փորձի նաև այստեղ: Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի քանակի շատություն, հետո մենք՝ մարզիչներս պետք է ընտրենք դրանից որակը: Իհարկե նոր սերունդ կա, սակայն երկար և քրտնաջան աշխատանք է հարկավոր»,- ասել է նա՝ նշելով, որ օլիմպիական խաղերի արդեն երկու մասնակից ունենք, բայց հավաքականի անդամներն ունակ են փոխարինելու նրանց:

Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:

24