Тараз. Армянка

«Զորքին փող է հարկավոր». կոչին արձագանքում էին նաև փափկասուն տիկնայք հայոց աշխարհի

0
(Թարմացված է 09:51 18.04.2016)
Գոհար Սարգսյան
Ապրիլյան պատերազմից հետո տարբեր փորձագետներ նորագույն զենք-զինամթերքով հագեցվածության հարց բարձրացրին: Թեման հիշեցրեց «Հուսո աստղ» ֆիլմը, որտեղ հայոց հողերի պաշտպանության համար փափկասուն տիկնայք սեղանին դրեցին իրենց զարդերը: Իսկ հայդուկները հարուստներից գումար էին խլում զենք ունենալու համար: Այսօր իրականությունն այլ է

Մխիթար Սպարապետի մասին պատմող ֆիլմի բազմաթիվ դրվագներ մեր իրականությունն են հիշեցնում՝ մի տարբերությամբ. այսօր ունևոր խավը հայրենիքին ունեցվածքը չի «նվիրաբերում»:

Մխիթար Սպարապետը հարց բարձրացրեց՝ եթե թուրքերը գրավեն Սյունիքն ու Արցախը, տապանաքար կդնեն հայոց աշխարհի վրա: Իսկ մեծ զորքի համար փող էր հարկավոր: Այդ կոչին անմիջապես արձագանքեցին հայ փափկասուն տիկնայք՝ նշելով.

«Մեզ համար չկա ավելի մեծ զարդարանք, քան մեր երկրի ազատությունը»:

Արվեստի գործիչ Գագիկ Գինոսյանն այս դեպքը յուրովի է բացատրում.

«Մենք այդ թագուհու և իշխանուհիների տեսակի պակասն ունենք: Այսօր հարուստները դժվարությամբ են հրաժարվում իրենց մի կոպեկից: Փողը երկու երես ունի, երկուսն էլ՝ սխալ: Մի դեպքում դա այնքան քիչ է, որ դողալով ես ծախսում, մյուս դեպքում էլ այնքան շատ է, որ դառնում ես փողի գերի ու չես ուզում կորցնել»:

«Մխիթար Սպարապետ» վեպից երևում է նաև, որ հայերն այն ժամանակ էլ ռուսական դիրքորոշում և ռուսական կայսրության աջակցությամբ մահմեդական լծից ազատագրվելու բաղձանք են ունեցել: Եվ սա այն դեպքում, երբ քրիստոնյա Եվրոպան բոլորովին անտարբեր էր Հայաստանի ճակատագրի նկատմամբ:

Իսկ ինչ էին անում ժամանակին ֆիդայիները զենք ձեռքբերելու համար: Գևորգ Չաուշը, Անդրանիկը և հայ մյուս նվիրյալները հարուստներից խլում էին գումարը և զենք գնում: Նրանք անսպասելի հարձակվում էին կառավարական զորքերի, քուրդ հրոսակախմբերի կամ հարկահանների վրա: Հայդուկային խմբերն առաջնորդվում էին չգրված օրենքներով, երկաթյա կարգապահություն էր տիրում: Դա էր հայրենիքի սահմաններն ամուր պահելու և թուրքի հանդեպ հաղթանակ տանելու միջոցներից մեկը: Բացի այդ, նրանց շրջանում սկսվեց մի շարժում՝ «մեկ հայը՝ մեկ ոսկի»: Նպատակն էր քրդերից հավաքագրել նրանց մոտ գտնվող հայ որբերին և նյութական օգնություն ցույց տալ Հայոց ցեղասպանության հետևանքով գաղթական դարձած արևմտահայ ընտանիքներին: Հարուստներն, իհարկե, ընդդիմանում էին, բայց այլ ելք չունեին:

Հայդուկներից մեզ է հասել հայրենիքին նվիրված լինելու և հողն արյունով պաշտպանելու գենետիկ հիշողությունը: Նրանք ապացուցեցին, որ ավելի լավ է զոհվել պատվով, քան խղճուկ, ստրկական գոյություն քարշ տալ: Հայոց հողում ծնված ամեն զինվոր այդ քաջերի հետնորդն է: Նրանց թիկունքին էլ ամուր հենակետ է պետք:

0