Взрыв в брюссельском метро

Բելգիայում Հայաստանի դեսպանը պատմել է երկրում տիրող իրավիճակի մասին

86
(Թարմացված է 19:53 22.03.2016)
Դեսպանատունը պարզաբանում է ` արդյոք տուժածների մեջ կա՞ն ՀՀ քաղաքացիներ կամ հայեր

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի- Sputnik. Հայկական դիվանագիտական կառույցների աշխատակիցներն անվտանգության մեջ են, հաղորդում է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը։

Մարտի 22-ին պայթյունների շարք է գրանցվել Բրյուսելում։ Երկու պայթյուն որոտացել է օդանավակայանում, մեկը` մետրոյում, կա 34 զոհ։

«Ինչպես արդեն տեղյակ եք, Բելգիայում հայտարարվել է արտակարգ իրավիճակի բարձրագույն աստիճան, դադարեցվել է օդանավակայանի, մետրոյի, հանրային այլ տրանսպորտի գործունեությունը: Բրյուսելում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը և այստեղ գտնվող Ազգային ժողովի պատվիրակության անդամները ապահով են և շարունակում են իրենց գործունեությունը»,- ասել է Մարգարյանը։

Նրա խոսքով, դեսպանությունը մշտական կապ է պահպանում Բելգիայի կառավարության համապատասխան օղակների հետ հետագա իրավիճակը պարզելու նպատակով: Բելգիական կողմի հետ ճշտվում է՝ արդյոք զոհերի և վիրավորների շրջանում կա՞ն ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձինք:

Հայաստանի քաղաքացիների համար դեսպանությունում բացվել է թեժ գիծ +32.2.3484406 հեռախոսահամարով։

Այժմ Բրյուսելում է գտնվում հայկական պատվիրակությունը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը մասնակցում է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին, որն ընթանում է մարտի 21-23-ը Բրյուսելում։ Պատվիրակության կազմում է նաև Հայաստանի ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը։

 

 

86