Шахматы. Мемориал Таля. 9-й тур

Լևոն Արոնյանը շախմատի սիրահարներին խորհուրդ է տալիս Կավաբատա ու Հեսսե կարդալ

91
Տղամարդկանց հայտնի GQ ամսագիրը հրապարակել է հարցազրույցներ մեր ժամանակի յոթ լավագույն շախմատիստների, այդ թվում` հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: Հարցազրույցում շախմատիստները պատմում են, թե ինչպես է այդ մարզաձևը փոխում ժամանակակից տղամարդու կյանքը, նաև ներկայացնում են շախմատի մասին իրենց սիրած գրքերն ու ֆիլմերը:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Շախմատի շնորհիվ կարելի է սովորել ավելի ազատ լինել և գուցե կանխագուշակել, թե ինչ կլինի հետո, GQ ամսագրին ասել է Հայաստանի շախմատի հավաքականի առաջնորդ Լևոն Արոնյանը:

«Խորհուրդ եմ տալիս ընթերցել Յասունարի Կավաբատայի «Գո խաղի վարպետը» և Հերման Հեսսեի «Հուլունքախաղը», դրանք շատ մոտ են շախմատին: Շախմատի մասին լավ ֆիլմեր շատ քիչ եմ հանդիպել», — ասել է նա:

Արոնյանը նշում է, որ շախմատ խաղալիս յուրաքանչյուրը կարող է գտնել այն, ինչ իրեն հարազատ է: Բացի այդ, խաղը զարգացնում է քննադատական ու աբստրակտ մտածողությունը: Այսպիսով` գրոսմայստերի կարծիքով, առաջանում է այն բանի գիտակցումը, որ յուրաքանչյուր քայլ շատ բան է փոխում, ու «մարդը սկսում է իր ազատ ժամանակն ու կյանքն ավելի շատ գնահատել»:

«Մեր խաղում սկզբունքորեն կարելի է գտնել այն գեղեցկությունը, այն մաթեմատիկական, տրամաբանական ու արտիստիկ կապը, որը կարելի է գտնել շախմատ խաղալ սովորելիս, ժամանակակից հասարակության մեջ դա պակասում է», — ասել է նա:

Սակայն միևնույն ժամանակ մարզիկը հետ չի նայում և միշտ քայլում է կյանքին ընդառաջ:

Արոնյանը պատմել է, որ շախմատն իրեն շատ է օգնել կյանքի տարբեր իրավիճակներում, շախմատի շնորհիվ նա մարդկանց մեջ աշխատում է տեսնել միայն լավը:

«Հաճախ այնպես է լինում, որ դու մարդու երկու տեսանկյունից ես նայում: Ասենք, շախմատ խաղալիս դու թույլ խաղաքար ունես, սակայն եթե դու աշխատես նրա վրա, նա կարող է ուժեղանալ», — ավելացրել է նա:

Արոնյանը խոստովանում է, որ բոլոր մարդկանցից, ում հետ նա կցանկանար շախմատ խաղալ, առաջին տեղում մեր հայրենակից, աշխարհի իններորդ չեմպիոն, լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանն է:

Մարտի 11-ին Մոսկվայում մեկնարկեց շախմատի թագի հավակնորդների մրցաշարը, որի առաջին փուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրին ոչ-ոքի խաղացին:

Հավակնորդների մրցաշարը կավարտվի մարտի 30-ին։ Մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Աշխարհի ուժեղագույն շախմատիստի կոչումը նվաճելու համար մղվող մրցապայքարը կանցկացվի 2016 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում։

 

 

 

91