Юрий Акулян

Ֆրունզիկ Մկրտչյանը, Մարկո Պոլոն և Վրաստանի նախագահը. թբիլիսահայերի երեկո

97
(Թարմացված է 16:55 14.03.2016)
Թբիլիսահայերի կյանքի ու գործի մասին պատմող ավելի քան 50 լուսանկար է ներկայացված լուսանկարիչ Յուրի Ակուլյանի` Երևանում բացված «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը» ցուցահանդեսում

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Թբիլիսահայերի դիմանկարներ կամ ինչպես են նրանք ապրում երկրորդ հայրենիքում. մոտավորապես այսպես կարելի է բնութագրել «Ագորա Ջորջիա» թբիլիսյան հասարակական կազմակերպության ղեկավար Վիկտորյա Մաքսոևայի և Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությունը:

Ցուցահանդեսին ներկայացված էր Ակուլյանի անձնական արխիվի 65000 լուսանկարներից 50-ը: Դրանցում պատկերված են համայնքի կյանքի վերջին տարիների հիմնական իրադարձությունները` հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բազմաթիվ միջոցառումներ և, իհարկե, մեծ թբիլիսահայերի ու բարեկամ վրացիների դիմանկարներ:

Вечер тбилисских армян в Ереване
© Sputnik / Лаура Саркисян
Թբիլիսահայերի երեկո Երևանում

«Սա Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ հանդիպումն է, իսկ սա հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնումն է: Մեծ նկարիչ Գայանե Խաչատրյանն է, ով, ցավոք, արդեն մեզ հետ չէ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցն է մեր համայնք: Սա էլ թարգմանիչ Գիվի Շահնազարն է բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի հետ, իսկ այնտեղ Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասաններն են «Խաթաբալա» ներկայացման ժամանակ: Այս լուսանկարում Վարդատոնն են նշում (Վարդերի տոնը Թբիլիսիում` նվիրված Սայաթ-Նովայի հիշատակին — Sputnik), իսկ կողքին Վարդավառի տոնն է», — հյուրերին լուսանկարներն է ներկայացնում հեղինակը:

Նրա արվեստի երկրպագուներն ու հյուրերը մեկ լուսանկարից մյուսին են անցնում, այնպես, ինչպես ժամանակին մեր պապերն էին քայլում Թբիլիսիի հայ նավթային հսկա ու բարերար Ալեքսանդր Մանթաշևի առևտրի կետերի կողքով:

Вечер тбилисских армян в Ереване
© Sputnik / Лаура Саркисян
Թբիլիսահայերի երեկո Երևանում

Ինքը` Թբիլիսիում ծնված Ակուլյանը, համեստորեն լռում է` նշելով, որ լուսանկարն իր կյանքում 40 տարի առաջ է հայտնվել ու մնացել իր հետ:

«Ասում են` ինձ մոտ ստացվում է», — ժպտում է Ակուլյանը:

Վրաստանում հայերի մասին վաղուց գիտեն: Պատմականորեն այնպես է ստացվել, որ հարևան վրացիների հետ մենք առողջ մրցակցության մեջ ենք ապրում. ում մոտ է ավելի շատ, ավելի լավ, ավելի համեղ:

© Sputnik / Լաուրա Սարգսյան
Ֆրունզիկ Մկրտչյանը, Մարկո Պոլոն և Վրաստանի նախագահը. թբիլիսահայերի երեկո

Դեռ իտալացի ճանապարհորդ, վաճառական Մարկո Պոլոն է գրել, որ տեսել է Թբիլիսի անունով մի հրաշալի քաղաք, որտեղ կողք կողքի ապրում էին հայերն ու վրացիները: Իսկ Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը մի հետաքրքիր դեպք հիշեց Թբիլիսիում իր դիվանագիտական աշխատանքի տարիներից.

«Սեղան էինք նստել մի միջոցառման շրջանակում, ներկա էր նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Ես նրան հարցրեցի, թե ինչպես կմեկնաբանի այն փաստը, որ վրացական Դմանիսում հայտնաբերվել է առաջին մարդու կմախքը: Մի փոքր դադարից հետո նախագահը կատակով պատասխանեց. «Այն բանից հետո, երբ հայերը հայտարարեցին, թե գինին առաջինը իրենք են ստեղծել, մեզ ոչինչ չէր մնում, քան հայտարարել, որ առաջին մարդը Վրաստանում է ապրել», — ասաց նա:

Այս երեկո բարիդրացիական հարաբերությունները շեշտեցին ու հետաքրքրաշարժ պատմություններ հիշեցին նաև Հայաստանում վրացական «Իվերիա» համայնքի ներկայացուցիչ Սվետլանա Նամչիվաձեն, Հայաստանում Վրաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Մալխաս Մալաշխիան, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն ու մյուսները:

Вечер тбилисских армян в Ереване
© Sputnik / Лаура Саркисян
Թբիլիսահայերի երեկո Երևանում

Այսօր Թբիլիսիում հայերի մեծ համայնք կա, որը զբաղվում է Վրաստանում հայկական ինքնության և ժառանգության պահպանմամբ ու զարգացմամբ։

Մի անգամ Ֆրունզիկ Մկրտչյանին հարցրել են երկու ժողովուրդների կապի մասին, ինչին նա պատասխանել է. «Երբ խոսքը հայ-վրացական հարաբերությունների մասին է, բարեկամություն բառն ինձ համար անընդունելի է: Այդ հարաբերությունները ես ավելի շուտ եղբայրական կանվանեի: Մենք եղբայրներ ենք, խելառ եղբայրներ»:

 

 

 

97