Мендель Корсунский

Շալոմ Իսրայելից կամ հրեայի հայկական հարսանիքը

207
(Թարմացված է 12:55 12.03.2016)
Հրեա Մենդել Կորսունսկին Հայաստան էր եկել հարսնացուի ձեռքը խնդրելու: Առանց ազգականների, սակայն ճամպրուկով ու կոստյումով: Ճիշտ` ինչպես «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում, սակայն այս պարագայում փեսացուն արևելքից էր: Մենդելը Sputnik Արմենիային պատմեց իր հարսանիքի, հայերի նկատմամբ տածած սիրո ու հայկական եկեղեցում մկրտվելու մասին

Անի Լիպարիտյան, Sputnik.

Մենդելն ու իր կինը` Գայանեն, միանգամից երկու հարսանիք արեցին` Հայաստանում և Իսրայելում:

«Մեր առաջնեկը տղա էր, հետո աղջիկ ծնվեց: Այդ ժամանակ մենք քննարկում էինք ոչ միայն երեխաներին, այլև ինձ մկրտելու հարցը: Նա կասկածում էր, սակայն արդյունքում ես ու երեխաներս մկրտվեցինք Իսրայելի Սուրբ Առաքելոց եկեղեցում», — պատմեց Մենդելը:

Նրա խոսքով` ինքը յուրահատուկ կապվածություն ունի Հայաստանի հետ:

Мендель Корсунский на акции протеста в Израиле
Մենդել Կորսունսկին Իսրայելում բողոքի ակցիայի ժամանակ

Հարսանեկան իրարանցում

Կնոջ հետ մեր զրուցակիցը ծանոթացել էր համացանցով: Գայանեն ծնվել է Ուզբեկստանում, ապրել Ռուսաստանում: Նրանք սկսեցին շփվել, համակրանք առաջացավ, արդյունքում տղամարդը որոշեց, որ հայուհին պետք է Իսրայել գա: Գայանեն համաձայնեց:

«Այն ժամանակ ես դեռ ուսանող էի: Տեղեկացա, թե ինչպես է պետք երկիր մուտք գործելու փաստաթղթերը ձևակերպել: Գայանեն եկավ Իսրայել, ու երբ ես նրան տեսա, միանգամից մտածեցի` հենց նա է: Նա մեկնեց: Իսկ ես որոշ ժամանակ հետո Երևանի տոմս գնեցի: Զանգեցի ապագա կնոջս, խնդրեցի նախապատրաստվել, նա զարմացավ, սակայն համաձայնեց», — պատմում է Մենդելը:

Նա Գայանեին ասաց, որ այլ տարբերակ չկա. կամ իրենք հիմա են ամուսնանում, կամ` երբեք:

«Արդյունքում` մենք Երևանում հարսանիք արեցինք: Ես Հայաստան եկա առանց հարազատներիս, սակայն ճամպրուկով ու կոստյումով», — կատակում է Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Դրանից հետո հերթական հարսանիքը անցկացվեց Իսրայելում, սակայն առանց րաբբիի, քանի որ հարսն ու փեսան քրիստոնյա են:

«Հայկական հարսանիքը շատ երկար ու բազմամարդ է: Ես զարմացած էի, որ հարսն ու փեսան առաջինը չեն մոտենում հյուրերին: Ամեն ինչ այլ կերպ է` փեսան նստած է, և նրան են մոտենում հյուրերը», — ավանդույթները համեմատելով` զարմացած ասում է Մենդելը:

Իսրայելում, նրա կարծիքով, ամեն ինչ այլ է: Երիտասարդներն իրենք են մոտենում մեծահասակ հյուրերին: Սա հարգանքի դրսևորում է:

Հրեայի հայկական էությունը

Հարսանիքից հետո զույգը տեղափոխվեց իսրայելական Պետախ Տիկվա քաղաք: Սակայն Հայաստանի հետ կապն այնքան ուժեղ էր, որ Մենդելը մկրտվեց հայկական եկեղեցում:

«Ես շատ եմ սիրում հայ ժողովրդին ու Հայաստանը, ինձ համար այն կարծես երկրորդ տուն լինի: Ես Հայաստանում եղել եմ 2008 թվականին, այցելել Արզնիում գտնվող ծանոթներիս ամառանոցը, եղել եմ Էջմիածնում ու Սևանում: Թեև չլողացի, քանի որ ինձ համար` որպես իսրայելաբնակի, ջուրը շատ սառն էր: Ես գիտեմ, որ իսկական հայը լճում կարող է նույնիսկ ձմռանը լողալ, սակայն ես դրան դեռ չեմ հասել», — կատակում է նա:

Մենդելը խոստովանեց, որ Հայաստան իր այցելության հենց հաջորդ օրը նա իրեն շատ ազատ էր զգում, կաշկանդվածության զգացում չկար:
Նրա առաջին տպավորությունը մարդիկ էին: Հայերն, ըստ նրա, հպարտանում են իրենց մշակույթով ու ավանդույթներով, պատմության մեջ ունեցած ներդրումով, սակայն նրանք ազգայնամոլությամբ չեն տառապում: Մենդելը նշում է, որ հայերը հպարտանում են իրենց ազգությամբ, սակայն երբեք չեն ասում, որ «մնացած բոլորը մեզանից վատն են»:

Մենդելը հիացած է նաև հայկական ճարտարապետությամբ:

«Այն անկրկնելի է: Ես ոչ մի տեղ նման գեղեցկություն չեմ տեսել: Հայերը ցանկանում են պահպանել ամեն ինչ ու նույն ոճում: Սա հրաշալի է: Ես հիմա էլ եմ ուզում Հայաստան գալ կրկին ու այցելել Արցախ», — խոստովանեց մեր զրուցակիցը:

Мендель Корсунский во время празднования Дня независимости Армении
Մենդել Կորսունսկին Հայաստանի անկախության տոնը նշելիս

Զվարճալի է, սակայն Իսրայելի հայերի միության նախկին անդամ, հայամետ ակտիվիստ Մենդել Կորսունսկին նշում է, որ բացի այս ամենից Հայաստանում նրա վրա մեծ տպավորություն է գործել հասարակական տրանսպորտը`երթուղային տաքսին:

«Այն ինձ շատ է դուր գալիս: Նույնիսկ երբ ես պետք է ընտրություն անեի տաքսի նստել, թե երթուղային տաքսի, ես ընտրում էի երկրորդը», — իր նախասիրությունների մասին պատմեց Մենդելը:

Նա ասում է, որ Հայաստան այցելելիս ամբոխի մեջ ինքը չէր առանձնանում: Տեղացիները հաճախ հայերեն էին սկսում խոսել նրա հետ: Նա սկսում էր բացատրել, որ չգիտի լեզուն, սակայն նրան չէին հավատում: Իսկ հայ զոքանչի հետ ռուսերեն է խոսում:

Գուցե զարմանալի չէ, որ դեռ ուսանողական տարիներից Կորսունսկին հետաքրքրվում էր հայկական թեմայով, քանի որ իր հարազատ քաղաք Պետախ Տիկվայում մեծ հայկական համայնք կա, ու հետևաբար նրան ամբողջ շրջապատը հայկական է:

«Ես սիրում եմ հայկական երաժշտությունը, դհոլ-զուռնան, ֆիդայական երգերը: Ես հայկական ազգային երգեր եմ միացնում, որ երեխաներս լսեն: Երբեմն կինս ասում է, որ ինձ հետ ապրելով` ինքն ավելի շատ հայկական ազգային երգեր է լսել, քան Հայաստանում գտնվելու ժամանակ», —կիսվեց Մենդելը:

Նա պատմում է, որ սերը Հայաստանի հանդեպ փոխանցվել է նաև երեխաներին: «Որդիս համոզված է, որ հայ է: Նա ասում է`ես հայ եմ, իսկ ես հարցնում եմ` այդ դեպքում ո՞վ եմ ես։ Նա պատասխանում է. «Դու ու մայրիկը` հրեա եք, իսկ մենք քույրիկի հետ` հայ»»:

Մենդելը նշում է, որ երեխաներին հայկական կամ հրեական ավանդույթներով չի դաստիարակում, այլ առաջին հերթին` որպես արժանի մարդ:

 

 

207