Эдуард Шармазанов

Շարմազանովի համար անընդունելի է դաշնակիցների կրավորական կեցվածքը

39
(Թարմացված է 14:57 09.03.2016)
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին ԱԺ փոխնախագահը ներկայացավ ծաղիկներով՝ մարտի 8-ի առիթով շնորհավորելով ասուլիսին ներկա կին լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Մարտի 11–12–ը Երևանում անցկացվելու է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը, որի ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի և ծայրահեղական սպառնալիքների դիմակայության հարցեր են քննարկվելու: Նիստը նախագահելու է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ ՊԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նաև վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նախանշված հանդիպմանը` նշեց, որ քննարկման առարկա է դառնալու նաև իրավիճակը Հարավկովկասյան տարածաշրջանում: ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաև այսօր շփման գծում գրանցված հերթական դիվերսիոն գործողությանը՝ հավելելով, որ իր ելույթում ներկայացնելու է նաև Հայաստանի դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ևս մեկ անգամ կվերահաստատեն այն դիրքորոշումը, որն արվել է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից, ըստ որի` ղարաբաղյան հակամարտությունը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, և ռազմական փորձի ցանկացած միտում, ցանկացած փորձ դատապարտելի է»,- ասաց Շարմազանովը:

2015թ-ի դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում բարձրաձայնել էր հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող միջադեպերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության շիկացումը և տարածաշրջանի ռազմականացումը՝ հույս հայտնելով, որ դա կառույցի բոլոր անդամ պետությունների դիրքորոշումն է:

Ավելի ուշ, Հայաստան կատարած այցի ընթացքում նախագահ Սարգսյանի հայտարարությանն արձագանքել էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ասելով, որ Ղարաբաղում իրավիճակը մտահոգիչ է, և պետք է կանխել հակամարտության հետագա շիկացումը, սակայն որևէ կերպ չէր քննադատել ադրբեջանական կողմի գործողությունները:

Այսօր լրագրողներն Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին` նախագահի հայտարարությունից հետո որևէ փոփոխություն ՀԱՊԿ-ի գործողություններում նկատվե՞լ է, թե ոչ:

«Այո, նախագահ Սարգսյանի հայտարարությունն անարձագանք չի մնացել և իր դրական պտուղները տվել է: Եթե մենք համեմատենք շփման գծում իրավիճակը մի քանի ամիս առաջ՝ նոյեմբեր- դեկտեմբեր ամիսների հետ, իհարկե ասել, որ այսօր իրավիճակը լիարժեք հանգիստ է, այդպես չէ, բայց համեմատության մեջ եթե դիտենք, կարող ենք դրական դինամիկայի մասին խոսել»,- ասաց Էդ. Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ըստ Էդուարդ Շարմազանովի՝ «մեզ համար ընդունելի չէ, երբ մեր դաշնակիցները կրավորական կեցվածք են որդեգրում»:

«Այդ պատճառով հարցերից մեկը, որը մենք կքննարկենք, կլինի ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում: Մենք կներկայացնենք հարցի լուծման մեր տարբերակները»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ միաժամանակ փաստելով, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդարացված է և բխում է մեր պետական շահերից:

 

39
թեմա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով (95)