Ереванское метро

Երևանի մետրոյում կանանց նվիրված ցուցահանդես է բացվել

46
«Կինը՝ քաղաքային տնտեսությունում» ցուցահանդեսում ներկայացված է խորհրդային շրջանից մինչ մեր օրերը ամենատարբեր ոլորտներում կնոջ զբաղվածության ու դերի մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկար

ԵՐԵՎԱՆ 8 մարտի — Sputnik. Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում բացվել է «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ կազմակերպված ցուցադրությանը ներկայացվել է խորհրդային շրջանից մինչ մեր օրերը ամենատարբեր ոլորտներում կնոջ զբաղվածության ու դերի մասին պատմող 32 լուսանկար:

Ցուցանմուշները Երևանի պատմության թանգարանի լուսանկարների հավաքածուի պահոցից, ինչպես նաև տարբեր անհատների ու կազմակերպությունների կողմից տրամադրված աշխատանքային լուսանկարներ են: Հանդիսավոր բացումն ազդարարել ու իրենց երգերով կանանց շնորհավորել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը:

Պատասխանատուները բացման խոսքում նշել են, որ միամսյակի առթիվ անակնկալները կշարունակվեն, և համայնքային թանգարանները ևս հանդես կգան հետաքրքիր ցուցադրություններով:

«Կինը՝ քաղաքային տնտեսությունում» ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 7-ը:

 

46