Մեկենաս ու նավթային հսկա Ալեքսանդր Մանթաշևի ծննդյան օրվա կապակցությամբ մատուցվեց սուրբ պատարագ, ինչպես նաև ներկաները ծաղկեպսակներ դրեցին նրա հուշարձանին։
Հավաքվածները, որոնց թվում էին հիմնականում Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության անդամները, լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ երկու շաբաթ առաջ կառավարությանը նամակ են գրել մարտի 3-ը, ի պատիվ Ալեքսանդր Մանթաշևի, գործարարների ու բարերարների օր հայտարարելու առաջարկով։

«Ժողովուրդը հերոս պետք է ունենա, որին կցանկանա նմանվել, ու այդ հերոսը Մանթաշևն է։ Նա յուրաքանչյուր հայի համար դարձավ սեփական գեները պահպանող ու սեփական «ես»-ին հետևող օրինակ», — ասաց ՀԱԳ(Գ)Մ նախագահ Արսեն Ղազարյանն` ավելացնելով, որ նամակի պատասխանը սպասում են երկու ամսվա ընթացքում։
Հայ գործարարի ներդրումն անտարբեր չի թողել նաև նրա հայրենակից վրացիներին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը։

«Չորս տարի առաջ, երբ մենք պատրաստվում էինք տեղադրել Մանթաշևի կիսանդրին, Թբիլիսիում զուգահեռաբար ֆիլմ էր նկարահանվում մեծ բարերարի մասին։ Ես խնդրեցի Թբիլիսիի այն ժամանակվա քաղաքապետ Գիգի Ուգուլավային` հարցազրույց տալ։ Նա համաձայնեց և իր խոսքում շնորհակալություն հայտնեց և հիացմունքի խոսքեր ասաց Մանթաշևի հասցեին», — ասաց Աղաջանյանը։
Ֆիլմում Ուգուլավան մի շարք անհայտ փաստեր բացահայտեց, մասնավորապես պատմեց, որ Թբիլիսիում Վակե շրջանի ու քաղաքի կենտրոնի միջև առաջին հեռախոսակապի անցկացման նախաձեռնողը Մանթաշևն էր։
«Այն ժամանակվա համար դա նորություն էր։ Իր ժամանակի համար մեծ մարդ լինելով` նա միաժամանակ ապագայի մարդ էր։ Երբ մենք քաղաքապետի հետ զրուցում էինք Մանթաշևի մասին, Ուգուլավան մեզ մի փոքր նախատեց. ինչո՞ւ հենց Մանթաշևը, ինչո՞ւ չեք հիշում Պիտոևին, Արամյանցին», — հիշում է Աղաջանյանը։
Նա նշում է, որ Մանթաշևը, լինելով հայ, կարողացել է մեծ հետք թողնել նաև Թբիլիսիում, ինչը զարմանք է առաջացնում մինչ օրս։
Իզուր չէ, որ նրան անվանում էին նավթային հսկա, չէ՞ որ հենց նա է աշխարհում առաջինը Բաթումում 1907 թվականին անցկացրել 835 կիլոմետրանոց Բաքու-Բաթում նավթատարը։
Մանթաշևի գործունեության շրջանակը չէր սահմանափակվում միայն բիզնեսով։ Նա հայտնի էր նաև իր բարեգործական գործունեությամբ։ 1905 թվականին նա օգնություն է ցուցաբերել 1905 ռուս-ճապոնական պատերազմում վիրավորված զինվորներին։ Նրա գործունեության հետքերը կարելի է գտնել նաև Մարսելից մինչև Հեռավոր Արևելք։ Մասնավորապես նրա ջանքերով է կառուցվել Փարիզի հայկական եկեղեցին։
Եվ, իսկապես, Մանթաշևի մասին կարելի է խոսել երկար, քանի որ նա ինքնին անկրկնելի մի դարաշրջան է։ Մանթաշևը հաճախ Թիֆլիսով զբոսնելիս փող էր բաժանում կարիքավոր ընտանիքների երեխաներին։
Նա հարցնում էր. «Ինչպե՞ս է հայրիկդ։ Բարևներս փոխանցիր նրան անպայման» ու թաքուն, որպեսզի չվիրավորի երեխային, նրա գրպանը մի ոսկեդրամ էր դնում։
Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում


