ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Նուբարաշենի աղբավայրը հիմնվել է 1960թ.-ին, և արդեն 56 տարի այստեղ է կուտակվում մայրաքաղաքի ու հարակից բնակավայրերի ամբողջ աղբը:
Աղբավայրի հազվադեպ այցելուներին այստեղ առաջինը կռվողյուններով դիմավորում են աղբանոցի վրա երամներով պտտվող թռչունները: Հետո արդեն անկոչ հյուրերից դժգոհում են այստեղ աղբի տեսակավորմամբ զբաղվող ոչ այնքան բարեհամբույր մարդիկ, ովքեր վիրավորական արտահայտություններով, հայհոյանքներով ու սպառնալիքներով պահանջում են լքել իրենց տարածքը:
Աղբանոց մտնող ամեն նոր աղբատար ավտոմեքենա իր հետ յուրահատուկ աշխուժություն է բերում՝ այստեղ հավաքված մարդկանց կյանքին նոր ազդակ հաղորդելով: Եվ ամեն ավտոմեքենայի հետ ամեն ինչ սկսվում է նորից. աղբից առանձնացվում է այն ամենն, ինչ կարող է արժեք ունենալ կամ վերամշակվել (ապակե և պլաստիկե շշեր, տարաներ, մետաղական իրեր), իսկ մնացած աղբը համալրում են տասնյակ տարիների ընթացքում դիզված աղբի բլուրները:
Նուբարաշենի խնդիրը լուծելու ջանքերը մինչ օրս ոչ միայն ցանկալի արդյունք չեն տվել, այլև, ըստ էության, չեն էլ իրագործվել:
Դրանցից վերջինը 6 տարի առաջ «Շիմիզու» ընկերության կողմից այստեղ տեղադրված բիոգազի այրման 3 թանկարժեք մխոցներն են, որոնցից 2-ը երբևէ չեն գործել: Իսկ Երևանի քաղաքապետարանին անհատույց տրամադրված 2.5 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումը, որով հնարավոր կլիներ աղբավայրի թունավոր արտանետումները 21 անգամ կրճատել, իր հզորության միայն 1/3-ով է աշխատում՝ այրելով աղբավայրի տարածքում կուտակվող բիոգազի միայն որոշակի մասը:
Եվ ահա ՀՀ կառավարությունը Նուբարաշենի փրկության հերթական ծրագիրն է մշակել՝ 24 մլն եվրո արժեքով: Իսկ անհրաժեշտ գումարը նախատեսվում է ստանալ մաս-մաս և տարբեր աղբյուրներից. 8 մլն եվրո վարկ՝ ՎԶԵԲ-ից, 8 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) և ևս 8 մլն եվրո դրամաշնորհ՝ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով:
Հստակ պայմանավորվածություն, սակայն, այս պահին կա միայն առաջին 8 մլն եվրոյի վերաբերյալ: Այս գումարի շուրջ ՀՀ կառավարությունն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համաձայնության են եկել դեռ 2015թ.-ի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրով: Կառավարությունը մարտի 3-ի նիստում, ամենայն հավանականությամբ, հավանության կարժանացնի համաձայնագիրն ու կներկայացնի ԱԺ:
Ծրագրի ֆինանսավորման հաջորդ երկու փուլի մասին այս պահին որևէ հստակություն չկա, և, փաստորեն, Նուբարաշենի աղբավայրի հիմնախնդրի լուծումն առայժմ ուրվագծվում է միայն 1/3-ով:
24 մլն եվրոյով կառավարությունը խոստանում է նվազեցնել շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա մայրաքաղաքի կոշտ թափոնների անբարենպաստ ազդեցությունը՝ բայց ոչ թե տասնամյակների աղբից ազատվելով, այլ դրա կողքին նոր՝ արդիականացված աղբավայր հիմնելով:
Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում


