Мигрант, спящий на улице

Կարծիք. Եվրոպան պատրաստ է մյուս երկրներին վճարել փախստականներին պահելու համար

131
(Թարմացված է 09:28 17.02.2016)
Միջոցները, որոնք պետք է ծախսվեն փախստականների կեցությունն ապահովելու համար, Եվրոպան պատրաստ է փոխանցել, օրինակ, Թուրքիային, կարծում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Եվրոպական երկրները եկել են այն մտքին, որ ավելի լավ է փախստականների կեցության համար վճարեն մյուս երկրներին, քան սեփական տարածք նրանց ընդունեն, Sputnik Արմենիա պորտալին ասաց անկախ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Sputnik.Կարծիք հարցման տվյալներով` Քյոլնի իրադարձություններից մեկ ամիս անց գերմանացիների թիվը, որոնք կարծում են, որ կառավարությունը պետք է թույլատրի փախստականների մուտքը երկիր, նվազել է 7 տոկոսով (58-ից 51)։

Հարցման արդյունքները մեկնաբանելով` Խաչատրյանը նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպայում 2015 թվականի ընթացքում փախստականների թիվն աճ է ավելի քան 1,2 մլն-ով, Գերմանիայում նրանց ընդունելու կողմնակիցների քանակի նվազումը օբյեկտիվ պատճառներ ունի։

«Գերմանիայի տնտեսության վիճակի վերջին վատթարացման, մասնավորապես արդյունաբերական արտադրանքի անկման ու Deutsche bank-ում առկա խնդիրների ֆոնին երկրի բնակչության շրջանում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր դժգոհում են միգրանտների սոցիալ-տնտեսական խնդիրներն իրենց բարեկեցության հաշվին լուծելու փորձերից», — ասաց Խաչատրյանը։

Բացի այդ, նրա խոսքով, որպես երկրորդ պատճառ կարելի է դիտարկել այն, ինչ տեղի ունեցավ Քյոլնում ու Դրեզդենում։

«Փախստականներն իրենց չեն պահում այնպես, ինչպես հարկն է։ Եվ սա գերմանացիների պատասխան ռեակցիան է առաջացնում, ինչը դրսևորվում է զանգվածային ցույցերի տեսքով։ Կարելի է ասել, որ բազմամշակութայնության քաղաքականությունը որոշակի առումով փակուղի է մտել», — ընդգծում է փորձագետը։

Այդ դժգոհությունները բերում են նրան, որ միգրանտների հարցն իշխանությունների օրակարգ է մտնում, ու խոսվում է սահմաններն ուժեղացնելու մասին։

Նրա խոսքով` Գերմանիան, ամենայն հավանականությամբ, կարող է ուժեղացնել սահմանը` ծախսելով դրա վրա շուրջ 10 մլրդ դոլար։ Նույն նպատակի համար, սակայն արդեն ամբողջ Եվրոպայի շրջանակներում, ենթադրվում է մոտ 100 մլրդ հատկացնել։

«Եվրոպայում գիտակցել են, որ ճիշտ կլինի ֆինանսավորել այն երկրներին, որոնք կզբաղվեն միգրանտներով։ Այն գումարները, որոնք պետք է ծախսեին փախստականների կեցության համար իրենց երկրներում, նրանք պատրաստ են փոխանցել, օրինակ, Թուրքիային (ինչպես արդեն ավելի վաղ փոխանցվել է 3 մլրդ եվրո)», — ասում է փորձագետը։

Մյուս կողմից, նրա կարծիքով, դրանից կարող էր օգտվել նաև Հայաստանը Սիրիայից փախստականների հարցում։ Հայաստանը կարող էր գումար խնդրել սիրիահայերին պահելու ու նրանց Եվրոպա չուղարկելու համար։

Սակայն փորձագետը ցավով նշում է, որ հայկական իշխանությունը չօգտվեց այդ հեռանկարից ու նման իրավիճակում չբարձրաձայնեց նույնիսկ սեփական դիրքորոշումը։

 

131