Театр Амазгаин

Թատրոնն առանց Արքայի և կես դար առանց տանիքի

146
(Թարմացված է 21:19 16.02.2016)
«Համազգայինն» առաջին թատրոնն է, որը ստեղծվել է անկախ Հայաստանում։ Երկրի համար ծանր տարիներին հիմնադրված թատրոնի մասին Sputnik Արմենիայի թղթակցին է պատմել Սոս Սարգսյանի անվան «Համազգային» պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Համազգային» թատրոնը ստեղծելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ երկրի համար պատերազմական ծանր ժամանակաշրջանում թատրոնների պակաս կար։ Հենց այդ ժամանակ Սոս Սարգսյանը հասկացավ, որ հոգևոր սննդի պակաս ու ժողովրդի ինքնագնահատականի բարձրացման խնդիր կա։ Այդ ժամանակ թատրոնները չէին դիմանում փորձություններին ու փակվում էին։

Սոսն ասաց. «Պետք է թատրոն ստեղծել ու հենց հիմա։ Եթե այնտեղ` մարտի դաշտում, մարդիկ զոհաբերում են իրենց, մենք չենք կարող այստեղ ձեռքերս ծալած նստել ու նայել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում»։

Հիշում եմ, թե ինչպես 1993 թվականին մենք գնացինք Բերդ` զինծառայողների համար ներկայացում տալու։ Մենք անցնում էինք անտառի միջով, ու «Գրադից» կրակում էին մեզ վրա։

Народный артист Армении Грачья Гаспарян
Հայաստանի ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան

Բերդում ելույթ ունենալուց հետո Սոս Սարգսյանն ասաց. «Իսկ սա մեր պատասխանն է ադրբեջանցիներին»։ Դա առաջին «կրակոցն» էր, որն արեց մեր թատրոնը։ Այսպես էր նա հասկանում թատրոնն, ու մենք էլ նրա հետ միասին հասկանում էինք թատրոնի ստեղծման նպատակը։

Ինձ մոտ, ինչպես և նրա մոտ շատ բան էր կուտակվել։ Հենց այդ ժամանակ ես հեռացա թատրոնից։ Հասկանու՞մ եք` գալիս է մի շրջան, երբ դու գիտակցում ես քո ու թատրոնի գոյության անիմաստ լինելը։ Սակայն նա կարողացավ ինձ ոգեշնչել, կարողացավ, որովհետև այդ ժամանակ մենք պետք է մեր քաղաքացիների կողքին լինեինք, այն քաղաքացիների, ովքեր զրկված էին սեփական լեզվով խոսելու հնարավորությունից։ Ոչ թե տառապել, այլ հաղթել, ոչ թե արտասվել, այլ պայքարել։ Այս ոգով էր կառուցվում թատրոնը, և հասավ այն հաջողություններին, որ այսօր ունի։

Բարությունը կփրկի աշխարհը

Առաջին ներկայացումը տեղի ունեցավ 1993 թվականի մարտի 1-ին։ Մենք միանգամից երկու պրեմիերա ունեցանք` «Սանիտա քաղաքի քաղաքապետը»` Սոս Սարգսյանի բեմադրությամբ, և «Լեռնային կակաչներ»` իմ բեմադրությամբ։ Երկու ներկայացումներն էլ մարդուն ուժ հաղորդելու, նրան գնահատելու և նրա արժեքն իմանալու մասին էին։

Եթե Դոստոևսկին ասում էր. «Գեղեցկությունը կփրկի աշխարհը», ապա մենք ասում էինք. «Բարությունը կփրկի աշխարհը»։
Բեմադրությունները ցուցադրվեցին Հայաստանի գրողների միության շենքում։ Մենք տարածքը մեկուկես մետրով մեծացրեցինք ու մի կերպ կուլիսներ հավաքեցինք։

Այնուհետև թատերախումբը տեղափոխվեց «Ժուռնալիստների տուն»։ Ծակ առաստաղով ու բորբոսնած պատերով շենքում, որտեղ աշնանը տանիքից ջուր էր կաթում, իսկ ձմռանն առաստաղից սառույցներ էին կախված, մենք «Տարտյուֆ» էինք խաղում։ Դերասաններն ամառային կոստյումներով էին, իսկ հանդիսատեսը նստած էր մուշտակներով ու բաճկոններով։

Հիշում եմ` մի հանդիսատես մոտեցավ և հարցրեց. «Ինչպե՞ս դեռ չեք մրսում», իսկ մենք պատասխանեցինք. «Մենք մրսելու իրավունք չունենք»։

Այդպես էլ ապրում էինք, որովհետև հավատում էինք, որ օգուտ ենք բերում։ Այն օրը, երբ մենք դադարենք հավատալ, որ օգուտ ենք բերում, կմահանանք։

Սոս շինարար

Այնուհետև թատրոնը տեղափոխվեց թատերական համալսարան, որտեղ նույնպես բեմ չկար։ Այնտեղ համերգային դահլիճ կար, որտեղ էլ մենք մի կերպ հանգրվանեցինք։

Մի անգամ Սոս Սարգսյանը դիմեց ինձ. «Գիտե՞ս, Լիրը (Շեքսպիրի «Լիր արքա» դրամայի հերոսը) հրաժարվել էր թագավորությունից, քանի որ հոգնել էր, իսկ թատրոնի մարդը հոգնելու իրավունք չունի»։

Ես Սոսին Սոս շինարար էի կոչում։ Որտեղ էլ մենք լինեինք, նա որևէ նոր բան էր կառուցում։ Մենք կահավորեցինք բեմը, տեղադրեցինք լույսերն ու երաժշտական սարքերը։ Ինչպես և այն ժամանակ, այսօր էլ թատերական համալսարանի ուսանողներն օգտագործում են մեր սարքերն ու տեխնիկան, իրենց բեմադրություններն անում։ Մենք պատրաստ ենք այս ամենը նվիրել նրանց, միայն թե մեզ սեփական թատրոնի շենք տրամադրեն, ուր կմտնենք ու կհասկանանք, որ սա մեր տունն է։

Актер Сос Саркиссян
ORDFILM
Դերասան Սոս Սարգսյան

Սոսը միշտ երազել է մեծ թատրոնի, սեփական պատերի մասին։ Ես էլ եմ նույնը երազում։ Հուսով եմ, որ եթե անգամ ոչ ես, ապա իմ դերասաններն ապագայում կտեսնեն իրենց սեփական թատրոնը, սեփական տունը։

Հայ մեծ դերասան Սոս Սարգսյանի ստեղծած թատրոնն այսօր դժվար ժամանակներ է ապրում։ Երևանի թատրոնի և կինոյի պետական համալսարանի ուսանողների հետ մեկ հարկի տակ «ապրող» թատերախումբը սեփական շենք է խնդրում, բայց ավաղ…

 

 

146